Իրականությանը չեն համապատասխանում այն ենթադրությունները, թե իբր Մոսկվան Երեւանին առաջարկել է ամբողջությամբ դուրս բերել սահմանապահներին Հայաստանի տարածքից։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մայիսի 8-ին Ռուսաստանի եւ Հայաստանի ղեկավարների միջեւ տեղի ունեցած հանդիպման հետ կապված ցանկացած տեսակի շահարկումների հսկայական ծավալ եմ նկատում։ Այն ենթադրությունները, թե իբր ռուսական կողմն առաջարկել է ամբողջությամբ դուրս բերել իր սահմանապահներին Հայաստանի տարածքից, ճիշտ չեն»,-ասել է Զախարովան եւ հավելել․ «Այլ աղբյուրներում, տեսնում ենք, նշվում էր, որ սահմանապահների դուրսբերումն իրականացվում է Բաքվի եւ Երեւանի միջեւ համատեղ սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչներ չտեղակայելու մասին համաձայնագրի շրջանակներում։ Սրանք ենթադրություններ են»։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքերով Ռուսաստանի եւ Հայաստանի ղեկավարների բանակցությունների ընթացքում հայկական կողմի խնդրանքով քննարկվել է ռուս սահմանապահների դուրսբերումը Ադրբեջանին սահմանակից Հայաստանի մի շարք շրջաններից։