ԱՄՆ-ի շտաբի պետերի միացյալ կոմիտեի ղեկավարը գեներալ Չարլզ Բրաունին հնարավոր է համարել ՆԱՏՕ-ի ռազմական հրահանգիչներին Ուկրաինա ուղարկելը՝ ուկրաինացի զինվորներին վերապատրաստելու համար, որն այնուամենայնիվ տեղի չի ունենա մոտ ապագայում։ Այս մասին հայտնում է The New York Times-ը։
Լրագրողների հետ զրույցում գեներալն նշել է, որ Ուկրաինա հրահանգիչներ ուղարկելը «անխուսափելի է թվում»։
«Ժամանակի ընթացքում մենք դրան կհասնենք»,- ասել է գեներալը։
Միեւնույն ժամանակ, ըստ Բրաունի, այժմ նման գործողությունները «վտանգի տակ կդնեն ՆԱՏՕ-ի հրահանգիչների կյանքը», եւ, հետեւաբար, ուկրաինացի զինվորականները ընտրություն պետք է կատարեն․ հակաօդային պաշտպանության համակարգերը օգտագործե՞լ հրահանգիչների թե՞ երկրի կարեւոր ենթակառուցվածքների պաշտպանության համար:
Պարբերականը գրում է, որ Ուկրաինայի զինված ուժերում անձնակազմի պակասը հասել է «կրիտիկական կետի», իսկ մարտի դաշտում իրավիճակը լրջորեն վատթարացել է վերջին շաբաթներին, ինչը ուկրաինացի պաշտոնյաներին ստիպել է դիմել ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի մյուս դաշնակիցներին՝ 150 հազար նորակոչիկների պատրաստմանը օգնելու խնդրանքով:
Ուկրաինացի զինվորականները ներկայումս վերապատրաստումներ անցնում են Եվրոպայում, սակայն նրանց զորավարժությունների վայրեր տեղափոխելը եւ Ուկրաինա վերադարձնելը երկար ժամանակ է պահանջում: Բացի այդ, ինչպես խոստովանում են ԱՄՆ զինվորականները, ուսումնական գործընթացի տեղափոխումը Ուկրաինա թույլ կտա հրահանգիչներին ավելի արագ տեղեկատվություն հավաքել առաջնագծում նորարարությունների մասին եւ ուսումնական ծրագիրը համապատասխանեցնել ստացված տվյալներին:
Ամերիկացի անանուն պաշտոնյան պարբերականին հայտնել է, որ վերապատրաստման ու զորավարժությունների անցկացման համար հնարավոր տարբերակներից մեկը կարող է ներառել Լվովը, սակայն այս քաղաքը նույնպես բազմիցս ենթարկվել է Ռուսաստանի հարձակումներին:
The New York Times-ին որոշ պաշտոնյաներ էլ նշել են, որ անհրաժեշտ է ավելի շատ ուկրաինացի նորակոչիկների ուղարկել Գերմանիայում եւ Լեհաստանում տեղակայված հրաձգարաններ ուսումնամարզական հավաքներին, որոնք այնուամենայնիվ կրկին զգալի նյութատեխնիկական ջանքեր կպահանջեն:
Նյութի հրապարակումից հետո Պենտագոնի խոսնակի տեղակալ Սաբրինա Սինգխն արդեն ասել է, որ տեղեկություն չունի Ուկրաինա հրահանգիչների հնարավոր ուղարկման մասին։