Ադրբեջանը Թեհրանում փոխում է իր դիվանագիտական հաստատության շենքը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն։
Նրա խոսքերով Ադրբեջանի դեսպանատան վրա նախորդ տարվա հունվարին տեղի ունեցած հարձակումից հետո իրանական կողմի հետ բանակցությունների հիմնական ուղղություններից մեկը եղել է դեսպանատան ամբողջական անվտանգության ապահովման հարցը։
«Իրանական կողմի պաշտոնյաների եւ համապատասխան կառույցների հետ շփումների ու բանակցությունների շրջանակում համապատասխան աշխատանքներ են իրականացվել՝ նպատակ ունենալով տեղափոխել Ադրբեջանի դեսպանատունը նոր, ավելի անվտանգ վայր, որը կբավարարի բոլոր պահանջները։ Կատարված աշխատանքների արդյունքում ընտրվել է նոր վայր Ադրբեջանի դեսպանատան համար»,-ասվում է Հաջիզադեի հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ դեսպանատան վրա տեղի ունեցած հարձակումից հետո Ադրբեջանը Իրանի իշխանություններին մեղադրել էր դեսպանատան անվտանգության ապահովման թերացման մեջ եւ ի նշան բողոքի Թեհրանից հետ էր կանչել նախ դեսպանին, ապա դուրս բերել ողջ դիվանագիտական անձնակազմը։