Ժնեւում կայացել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եւ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հանդիպումը։ Այս մասին ասվում է ՀՀ ԱԺ հաղորդագրության մեջ։
Հանդիպումը կայացել է մայիսի 16-ին Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստի շրջանակում։
Արդբեջանի Միլլի Մեջլիսի հաղորդագրության համաձայն հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության բանակցությունների ֆոնին երկու երկրների խորհրդարանների կողմից խաղաղ գործընթացին աջակցելու հետ կապված հարցեր։
«Հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում։ Կողմերը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը խորհրդարանների միջեւ»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ սա Ալեն Սիմոնյանի եւ Սահիբա Գաֆարովայի երկրորդ հանդիպումն է։ Առաջինը տեղի էր ունեցել մարտի 22-ին կրկին Ժնեւում Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակներում։