Հատուկ կառուցված ծովային նավամատույցով այսօր՝ մայիսի 17-ին Գազայի հատված են ժամանել պաղեստինցիների համար մարդասիրական օգնություն ունեցող առաջին բեռնատարները, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով ամերիկյան ռազմական հրամանատարությանը։
Ենթադրվում է, որ ժամանակավոր լողացող նավամատույցը կկարողանա օրեկան ընդունել մինչեւ 150 բեռնատար սնունդով, որոնք կմատակարարվեն Միջերկրական ծովից՝ նավերի միջոցով։ Սակայն, Միացյալ Նահանգները եւ ՄԱԿ-ը ավելի վաղ նախազգուշացրել էին, որ ծովային միջանցքը լիովին չի կորղանա փոխարինել Գազայի հատված ջրի, սննդի եւ վառելիքի ցամաքով կատարվող մատակարարումներին, որոնք դադարեցվել էին պաղեստինա-իսրայելական նոր պատերազմի սկսվելուց հետո:
Մինչ այս երկու միլիոն բնակչություն ունեցող Գազա մարդասիրական օգնությունը մատակարարվում էր շուրջ 500 բեռնատարների միջոցով։
ժամանակավոր լողացող նավամատույցը Գազայի ափերի մոտ կառուցվել է ամերկացի զինվորականների կողմից երկու ամսում՝ նախագահ Ջո Բայդենի հրամանով։ Հումանիտար նավամատույցի կառուցումը Վաշինգտոնի համար արժեցել է 320 միլիոն դոլար։ Ենթադրվում է, որ բեռները Գազա կմատակարարվեն Կիպրոսի Լառնակա նավահանգստից, որտեղ Իսրայելը հնարավորություն կունենա դրանց նախնական զննում իրականացնել։