Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիին՝ ուղղաթիռի վթարի հետեւանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի եւ նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է.
«Ձե՛րդ Վսեմություն,
Ցնցված եմ ուղղաթիռի վթարի հետեւանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի եւ նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու բոթից։
Հայաստանի Հանրապետության կառավարության եւ ժողովրդի անունից անկեղծ ցավակցության ու մխիթարության խոսքեր եմ հղում իմ թանկագին բարեկամ եւ գործընկեր նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի եւ նրանց ուղեկցող անձանց ողբերգական մահվան կապակցությամբ։
Զորակցում եմ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությանը եւ ժողովրդին՝ այս ծանրագույն պահին մաղթելով ուժ եւ տոկոնություն։
Հայաստանի Հանրապետությունը եւ ժողովուրդը Իրանի Իսլամական Հանրապետության համար դժվարին այս ժամանակահատվածում նեցուկ են մեր լավ բարեկամ եւ հարեւան պետությանն ու ժողովրդին»։