Հաագայի միջազգային քրեական դատարանը կքննարկի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի, երկրի պաշտպանության նախարար Յով Գալանտի, ինչպես նաեւ ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի, կազմակերպության ռազմական թեւի հրամանատար Մուհամմադ Դեյֆի եւ Գազայի հատվածում խմբավորման առաջնորդ Յահյա Սինվարի նկատմամբ ձերբակալության օրդեր տալու հարցը։
Նրանց ձերբակալության պահանջով հանդես է եկել ՄՔԴ դատախազ Քարիմ Խանը, ասվում է դատարանի կայքում։
Դատախազը նույնը ասել է նաեւ CNN-ին տված հարցազրույցի ժամանակ։
Դատարանի կայքում դատախազի անունից տարածված հայտարարության մեջ նշվում է, որ բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ Նեթանյահուն եւ Գալանտը, ինչպես նաեւ ՀԱՄԱՍ-ի երեք առաջնորդները ներգրավված են Գազայի հատվածում եւ Իսրայելի տարածքում մարդկության դեմ իրականացրած հանցագործությունների մեջ:
Միջազգային քրեական դատարանը գործում է Հռոմի կանոնադրության հիման վրա, որը վավերացրել են աշխարհի շատ երկրներ, այդ թվում եւ Հայաստանում։ Նրա իրավասությունը ներառում է, ի թիվս այլ բաների, ցեղասպանության, ռազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների համար պատասխանատու անձանց հետապնդումը: Իսրայելը, ինչպես եւ ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը, չեն վավերացրել Հռոմի ստատուտը եւ պնդում են, որ դատարանի իրավասությունը չի տարածվում իրենց վրա: Այն երկրները, որոնք մասնակցում են ՄՔԴ-ի աշխատանքներին, պարտավոր են համագործակցել դատարանի հետ եւ, մասնավորապես, եթե կալանավորման օրդեր է տրվել, միջոցներ ձեռնարկել հետախուզվողին ձերբակալելու համար։