Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ իր երկրի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության ապահովումից հետո տարածաշրջանում խաղաղության հասնելու պատմական հնարավորություններ են ստեղծվել։ Այս մասին APA գործակալության փոխանցմամբ նա հայտարարել է Լատվիայի Սեյմի նախագահ Դայգա Միերինայի գլխավորած պատվիրակության ընդունելության ժամանակ։
Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը՝ Ադրբեջանի նախագահն հայտարարել է․ «նրանք ոչ մի արդյունքի չէին հասել, մինչդեռ մեր տարածքների օկուպացիան շարունակվում էր»։
Ալիեւը նաեւ նշել է, որ ներկայումս առկա են դրական եւ բարենպաստ հնարավորություններ խաղաղության օրակարգը խթանելու համար։ Նա նաեւ ասել է, որ Հայաստանի հետ երկկողմ գործընթացի շրջանակներում դրական պայմանավորվածություններ են ձեռք բերվել սահմանների սահմանագծման եւ սահմանազատման հարցում։