Իրանի Թավրիզ քաղաքում սկսվել է ուղղաթիռի կործանման հետեւանքով զոհված Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի եւ արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հրաժեշտի արարողությունը։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը՝ նշելով, որ արարողությանը մասնակցում են հազարավոր մարդիկ։
Նշվում է, որ հուղարկավորության արարողություններ տեղի կունենան նաեւ Իրանի այլ քաղաքներում։
Թավրիզից հետո զոհվածների մարմինները կտեղափոխվեն մայրաքաղաք Թեհրան, որտեղ տեղի կունենա հրաժեշտի գլխավոր արարողությունը՝ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի գլխավորությամբ:
Էբրահիմ Ռաիսիի հուղարկավորումը տեղի կունենա մայիսի 23-ին հյուսիսարեւելյան Մաշհադ քաղաքում, որտեղ նա ծնվել է։
Պետական հիմնարկների մոտ իջեցվել են դրոշները։ Հուղարկավորության արարողության ժամանակ իրանցիները տանում են զոհերի դիմանկարները՝ չզսպելով էմոցիաները։
Մոտ 10 հազար մարդ ուղեկցում է նախագահական ուղղաթիռի կործանման բոլոր ութ զոհերի՝ հինգ ուղեւորների եւ անձնակազմի երեք անդամների մարմինները տեղափոխող դագաղներին։
Միեւնույն ժամանակ պետական լրատվամիջոցների փոխանցմամբ իշխանությունները հայտարարել են նախագահական նոր ընտրությունները հունիսի 28-ին անցկացնելու մասին։
Մինչեւ ընտրությունները, Իրանի Սահմանադրության 131-րդ հոդվածի համաձայն, նախագահի լիազորությունները փոխանցվում են առաջին փոխնախագահին։ 2021 թվականից այս պաշտոնը զբաղեցնում է Մոհամմադ Մոխբերը։
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին հանձնարարել է հետաքննել ուղղաթիռի կործանման պատճառները, հայտնում է իրանական ISNA գործակալությունը։
Ռաիսիին, ինչպես նաեւ արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանին եւ վեց այլ անձանց տեղափոխող ուղղաթիռը անհետացել էր Իրանի հյուսիս-արեւմուտքում գտնվող Արեւելյան Ադրբեջան նահանգում մայիսի 19-ի երեկոյան։ Իրանական պատվիրակությունը վերադառնում էր սահմանային շրջանից, որտեղ Ռաիսին եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մասնակցել էին Արաքս գետի վրա կառուցված ներ ամբարտակի բացուման արարողությանը։