Արեւմտյան դաշնակիցներից չափազանց երկար ժամանակ է պահանջվում Ուկրաինային ռազմական աջակցության վերաբերյալ որոշում կայացնելու համար, Reuters-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Յուրաքանչյուր որոշում, որն ընդունում ենք նախ մենք, ապա նաեւ [գործընկերների հետ] համատեղ կարգով, ուշանում է մոտ մեկ տարի»,-ասել է Ուկրաինայի նախագահը։
Ռազմական օգնության, մասնավորապես Patriot ՀՕՊ համակարգերի տրամադրումը Զելենսկին բնութագրել է որպես առաջ շարժվելու համար կատարված «մեկ մեծ քայլ», սակայն դրանց բացակայությունը նկարագրել որպես «երկու քայլ հետ»։ Նա նշել է, որ եթե Ուկրաինան ավելի վաղ ստանար Patriot-ը, ապա կկարողանար կանխել ռուսական հարձակումները էներգետիկ եւ ենթակառուցվածքային օբյեկտների վրա։
Ուկրաինայի նախագահը նաեւ կարծիք է հայտնել, որ դաշնակիցները, ի թիվս այլ բաների, կարող են օգնել Ուկրաինային՝ խոցելով ռուսական հրթիռները ուկրաինական տարածքների վրա։
«Ռուսները Ուկրաինայի տարածքում օգտագործում են 300 ինքնաթիռ […]։Մեզ առնվազն 120-130 ինքնաթիռ է պետք երկնքում հակահարված տալու համար։ […] Չե՞ք կարող դրանք հենց հիմա տրամադրել: Լավ: Եկեք վերադառնանք այն ինքնաթիռին, որը դուք ունեք ՆԱՏՕ-ի հարեւան երկրների տարածքում. Օդ բարձրացրեք դրանք […], խոցեք թիրախները, պաշտպանեք քաղաքացիական անձանց»,-ասել է Զելենսկին։
Ըստ Ուկրաինայի նախագահի, եթե ՆԱՏՕ-ի անդամ երկրները նման պաշտպանություն ապահովեն, դա չի հանդիսանա Ռուսաստանի հետ պատերազմի մեջ ներքաշում։
«Երբ հրթիռները թռչում են, օդ են բարձրանում լեհական ինքնաթիռները, բայց դրանք ռուսական հրթիռները չեն խոցում։ Կարո՞ղ են նրանք դա անել: Վստահ եմ, որ այո։ Արդյո՞ք սա համարվում է ՆԱՏՕ-ի երկրների հարձակում, ներգրավվածություն [պատերազմի մեջ]: Ո՛չ»,-ասել է Զելենսկին։
Նա նաեւ նշել է, որ Ուկրաինան երբեք չի օգտագործել արեւմտյան զենքերը ռուսական տարածքի վրա հարձակվելու համար, քանի որ դաշնակիցները դեմ են եղել դրան։
Միեւնույն ժամանակ, Կիեւը, Ուկրաինայի նախագահի խոսքով, բանակցություններ է վարում գործընկերների հետ Ռուսաստանի տարածքում ռազմական տեխնիկայի վրա հարձակվելու համար նրանց զենքն օգտագործելու շուրջ, սակայն մինչ այժմ այդ քննարկումները առաջընթաց չեն ունեցել։
Մեկնաբանելով Ռուսաստանի հարձակումը Խարկովի մարզում՝ Ուկրաինայի նախագահն ասել է, որ այսօր իրավիճակը վերահսկելի է, սակայն մեկ շաբաթ առաջ «ավելի բարդ էր»։