Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ղոլամ-հոսեյն Էսմայիլին, ով գտնվում էր Էբրահիմ Ռաիսիին ուղեկցող մեկ այլ ուղղաթիռում, նոր մանրամասներ է հայտնել նախագահական ուղղաթիռի կործանման մասին։
Էսմալիլին նշել է, որ թռիչքի ընթացքում եղանակային պայմանները բարենպաստ են եղել, երկնքի միայն մի հատվածն է ամպամած եղել:
«Թռիչքից կես ժամ անց Սունգունի պղնձահանքի մոտ ամպամածություն էր, բայց մառախուղ չէր։ Միգուցե կիրճի խորքում մառախուղ կար, բայց մեր թռիչքի ուղու վրա մառախուղ չկար։ Ամպերը մի փոքր ավելի բարձր էին, քան ուղղաթիռը։ Նախագահի ողղաթիռի օդաչուն որպես հրամանատար մեզ ցուցում տվեց բարձրություն հավաքել եւ շարունակել թռիչքը ամպերի վրայով։
Ուղղաթիռները բարձրություն հավաքեցին, եւ մոտ 30 վայրկյան հետո մեր օդաչուն հասկացավ, որ նախագահի ուղղաթիռը չկա։ Ի վերջո ամպերը ցրվեցին, եւ մենք տեսանք Սունգուն պղնձի հանքը: Մեր օդաչուն շրջվեց եւ հետ գնաց ուղղաթիռը փնտրելու։ Ինձ ասացին, որ ուղղաթիռը կարող էր կործանվել, քանի որ մեկուկես րոպե կապ չենք ունեցել։ Մեր ուղղաթիռը մի քանի անգամ պտտվել է եւ չի կարողացել ռադիոկապ հաստատել։ 30 վայրկյան անց մենք վայրէջք կատարեցինք Սունգուն հանքավայրում»,-պատմել է Էսմայիլին ։
Այնուհետեւ Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարը նշել է, որ փորձել են կապ հաստատել ուղղաթիռի ուղեւորների հետ, որը անցել է անարդյունք։
«Այնուհետեւ մեզ ասացին, որ զանգահարել են կապիտան Մուստաֆավիի բջջային հեռախոսին, եւ պարոն ալ-Հաշեմը պատասխանել ու ասել է, որ նա ընկել է ձորը, բայց չի նշել, թե ինչ է տեղի ունեցել: Հետո, երբ կապ հաստատեցի պարոն ալ-Հաշեմի հետ, նա ասաց. «Ես ինձ լավ չեմ զգում, չգիտեմ, թե ինչ է տեղի ունեցել, չգիտեմ որտեղ եմ, ես ծառերի տակ եմ, չգիտեմ, ոչ մեկին չեմ տեսնում, ես մեկ եմ»։ Նա անտառ էր նկարագրում։ Մեզ համար պարզ դարձավ, որ ուղղաթիռը կործանվել է»,-ասել է Էսմայիլին՝ նշելով, որ հաջողվել է կապ հաստատել այաթոլլա Մոհամադ Ալի Ալ-Հաշեմի հետ, ով վթարից հետո դեռ 3 ժամ շարունակել է պատասխանել զանգերին։
«Հետո պարզվեց, որ բոլորը միանգամից մահացել են, իսկ պարոն ալ-Հաշեմը մահացել է մի քանի ժամ անց։ Պայթյունի ձայն չկար, կրակ ու ծուխ չէր երեւում»,-ավելացրել է Էսմայիլին։
Հիշեցնենք, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին, արտգործնախարար Հոսեին Ամիր Աբդոլլահյանը եւ նրանց ուղեկցող պատվիրակությունը զոհվել են մայսի 19-ին Իրանի Արեւելյան Ադրբեջան նահանգում ուղղաթիռի վթարի հետեւանքով։ Այդ օրը Ռաիսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ մասնակցել էր Արաքս գետի վրա նոր ամբարտակի բացման արարողությանը։