Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայ պատգամավոր Կարո Փայլանը անդրադարձել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի՝ թուրքական Habertürk հեռուստաալիքին տված հարցազրույցին:
Նախարարը համառոտ անդրադարձել էր Հրանտ Դինքի սպանության եւ դատավարության թեմային՝ այն անվանելով Թուրքիայի ամենակարեւոր հարցերից մեկը: Նա խոսել էր Դինքի սպանության գործում հանցագործներին օգնելու մեղադրանքով դատապարտված Էրհան Թունջելի եւ վերջերս սկանդալային հայտարարություններով Թուրքիայի ներքաղաքական կյանքը ցնցած քրեական հեղինակություն Սեդաթ Փեքերի կապի մասին:
Սոյլուն, մանրամասներ չհայտնելով, հռետորական հարցեր էր տվել, թե ով է Թունջելին եւ Փեքերին գործընկերներ դարձրել, եւ ով կամ ինչ համակարգ էր Թունջելին վստահել Փեքերին:
Փայլանը այդ կապակցությամբ գրավոր հարցապնդում է արել խորհրդարան՝ Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուից պահանջելով պատասխանել, թե նա ինչու դատարանին չի հայտնել Դինքի սպանությանն առնչվող Սեդաթ Փեքերի մասին իր տեղեկությունները, ինչպես նաեւ հռետորական հարց տալու փոխարեն պատմել, թե ով եւ որ համակարգն է Էրհան Թունջելին վստահել Սեդաթ Փեքերին:
«Ե՞րբ եք դատական համակարգին հայտնելու այն, ինչ գիտեք Դինքի սպանությունը կազմակերպած «համակարգի» մասին»,- իր դիմումը եզրափակել է Փայլանը։
Թուրքիայի հայտնի հանցավոր հեղինակություններից մեկը՝ արտասահմանում թաքնվող Սեդաթ Փեքերը, YouTube-ում տեղադրված մի շարք տեսանյութերով վերջին երեք շաբաթվա մեջ ցնցել է Թուրքիան: Նա սպանության, բռնաբարության, կոռուպցիայի եւ թմրանյութերի վաճառքի մեջ մեղադրում է թուրք պետական նախկին ու ներկա հայտնի գործիչներին: