Արցախի դեմ 2020 թվականի 44 օրյա պատերազմի նախապատրաստմանը մասնակցել են ՀԱՊԿ-ի անդամ երկու երկրներ։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Բաքվում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հնչեցրած հայտարարությունների մասին հարցին։
«Այդ երկրները հնարավոր է իմիտացիա են ստեղծել, որ ուզում են մեզ օգնել։ Այդ պատերազմը Լեռնային Ղարաբաղի մասին չի եղել։ Այդ պատերազմը եղել է Հայաստանի Հանրապետության չակնկալիքների մասին։ Պատերազմի նպատակը եղել է Հայաստանի անկախ պետության չգոյությունը։ Դա 2020-ի նոյեմբերի 9-ին չի իրականացել, հետո փորձել են 2021-ին։ Էլի չի ստացվել, հետո 2022-ին, 2023-ին, էլի չի ստացվել։ Մի հատ էլ փորձեցին 2024-ի մայիսի 9-ին, չստացվեց ու էլի չի ստացվելու»,- ասել է վարչապետը եւ հավելել․ «Ուրախ եմ, որ Լուկաշենկոն այդ մասին ասաց հրապարակավ»։
Հիշեցնենք, որ մայիսի 16-ին Բելառուսի նախագահը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր. «Ես հիշեցի մեր զրույցը պատերազմից առաջ, ձեր ազատագրական պատերազմից առաջ, երբ ճաշի ժամանակ միասին փիլիսոփայորեն քննարկում էինք։ Այդ ժամանակ եկանք այն եզրակացությանը, որ պատերազմում կարելի է հաղթել»։