Ադրբեջանը ճանապարհ է հարթել Հարավային Կովկասում կայուն խաղաղության համար՝ շուրջ երեք տասնամյակ անց կրկին վերահսկողություն հաստատելով Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Թյուրքական երկրների խորհրդարանական վեհաժողովի պաշտպանության հանձնաժողովների նախագահների 1-ին հանդիպմանը։
Ֆիդանը իր խոսքում նաեւ դրական քայլ է անվանել «չորս գյուղերի վերադարձն Ադրբեջանին», ինչպես նաեւ Ալմա Աթայում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի եւ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի բանակցությունները։ Նա ընդգծել է, որ Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին այս գործընթացում։
Թուրքիայի ԱԳ նախարարը վստահություն է հայտնել, որ Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրումը դրական արդյունքներ կունենա ոչ միայն երկու երկրների, այլեւ ողջ տարածաշրջանի համար։