Մեծ Բրիտանիայում համընդհանուր (խորհրդարանական) ընտրությունները կանցկացվեն հուլիսի 4-ին, հայտարարել է վարչապետ Ռիշի Սունակը՝ ելույթ ունենալով Լոնդոնի Դաունինգ սթրիթում գտնվող իր նստավայրի մուտքի մոտ։
«Այսօր ավելի վաղ ես խոսեցի Նորին Մեծություն [Չարլզ III] հետ՝ խնդրելով լուծարել խորհրդարանը: Թագավորը բավարարեց այս խնդրանքը, եւ համընդհանուր ընտրությունները տեղի կունենան հուլիսի 4-ին»,-ասել է Սունակը։
Իր ելույթում վարչապետը նշել է, որ հպարտ է իր կառավարության «ձեռքբերումներով», որը «Մեծ Բրիտանիայում լավագույն ապագան է ստեղծել երեխաների համար»:
Իր ելույթում, ի թիվս այլ հարցերի, նա անդրադարձել է Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժմանը, որը, ըստ նրա, սպառնում է համաշխարհային անվտանգությանը։
«Տնտեսական կայունությունը ցանկացած հաջողության հիմքն է», — հավելել է Սունակը, նշելով, որ Մեծ Բրիտանիայի տնտեսությունը դեռ աճում է, իսկ գնաճը վերադարձել է նորմալ մակարդակի: Նա նշել է, որ ազնիվ է եղել երկրի հետ, երբ դժվար որոշումներ են կայացվել։
Սունակը քննադատել է Քեյր Սթարմերի գլխավորած Լեյբորիստական կուսակցությանը՝ ասելով, որ նա պայքարելու է յուրաքանչյուր ձայնի համար առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում: «Ես կապացուցեմ ձեզ, որ իմ ղեկավարությամբ պահպանողական կառավարությունը չի վտանգի մեր տնտեսական կայունությունը»,-ավելացրել է վարչապետը։
Իր հերթին Լեյբորիստական կուսակցությունը հայտարարել է, որ պատրաստ է ընտրություններին: Սթարմերը, իր խոսքում, նշել է, որ առաջիկա քվեարկության էությունը «փոփոխությունների հնարավորությունն է», եւ իր «կուսակցությունը ցանկանում է Մեծ Բրիտանիան վերադարձնել աշխատավոր մարդկանց ծառայությանը»։