ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանը մայիսի 24-ին կհրապարակի Իսրայելի դեմ նոր ժամանակավոր միջոցների ներդրման եւ Գազայի հատվածում գործողության պատճառով արդեն իսկ ընդունված ժամանակավոր միջոցների փոփոխման հարցի վերաբերյալ որոշումը։ Այս մասին ասվում է դատարանի մամուլի հաղորդագրության մեջ։
«Հարավային Աֆրիկայի պահանջների վերաբերյալ լսումները տեղի կունենան տեղական ժամանակով ժամը 15:00-ին, դատարանի որոշումը կկարդա դատարանի նախագահ Նաուաֆ Սալամը», — նշվում է հաղորդագրության տեքստում։
Հարավային Աֆրիկան Իսրայելի դեմ Հաագայի Արդարադատության միջազգային դատարանում գործը հարուցել է 2023 թվականի դեկտեմբերի 29-ին։ Հարավաֆրիկյան կողմը դատարանից պահանջում է ճանաչել, որ Գազայի հատվածում իսրայելական իշխանությունների գործողությունները կարող են որակվել որպես ցեղասպանություն, քանի որ դրանք իրականացվում են «Գազայում պաղեստինցիներին ոչնչացնելու հատուկ մտադրությամբ՝ որպես պաղեստինցիների լայն զանգվածի, ռասայական եւ էթնիկ խմբի մաս»: Հարավաֆրիկյան Հանրապետությունը նաեւ խնդրել է դատարանին միջանկյալ միջոցներ ձեռնարկել՝ պաշտպանելու պաղեստինյան բնակչությանը իրենց իրավունքների հետագա լուրջ եւ անուղղելի խախտումներից։
Հունվարի 26-ին Դատարանը որոշում կայացրեց, որ Իսրայելը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները Գազայում ցեղասպանությունը կանխելու համար: Դրանից հետո դատարանը մեկ անգամ մերժել է լրացուցիչ ժամանակավոր միջոցների ներդրման խնդրանքը եւ մեկ անգամ հաստատել է Հարավային Աֆրիկայի խնդրանքը՝ տարածաշրջանում իրավիճակի վատթարացման համատեքստում լրացուցիչ ժամանակավոր միջոցների մասին:
Գազայի հատվածում իրավիճակի վատթարացման եւ Ռաֆահում իսրայելական հարձակման հետ կապված մայիսի 10-ին հարավաֆրիկյան կողմը ներկայացրել է նոր ժամանակավոր միջոցների ներդրման եւ արդեն իսկ ընդունված ժամանակավոր միջոցների փոփոխության վերաբերյալ լրացուցիչ պահանջներ։ Այս հարցով լսումները տեղի են ունեցել մայիսի 16-17-ը։