ՀՀ վարչապետի ժ/պ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում Հայաստան-Ադրբեջան սահմանային իրադրության լարվածության թոթափման նպատակով առաջարկել է Սոթք-Խոզնավար հատվածում հետ քաշել ե՛ւ հայկական, ե՛ւ ադրբեջանական զինուժը, հասցնել մշտական տեղակայման վայրեր, տեղակայել միջազգային դիտորդներ՝ ՌԴ կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչների ներգրավմամբ:
Այս առաջարկը վարչապետի ժ/պ-ն հնչեցրել է Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի սահմանային տարածքներ այցից եւ իրադրությանը տեղում ծանոթանալուց հետո։ Անվտանգության խորհրդի նիստում, որին մասնակցում էին նաեւ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները, կիսվել է տպավորություններով ու առաջարկել իրադրության հանգուցալուծման պլան:
Լայնածավալ բախումից խուսափելու համար Փաշինյանն առաջարկել է դիվանագիտական խաղաղ հանգուցալուծում եւ հանդես եկել միջազգային հանրությանն ու Ադրբեջանի իշխանություններին ուղղված բաց առաջարկով:
Ըստ նրա առաջարկի՝ կողմերը պայմանավորվում են սեփական ԶՈՒ ստորաբաժանումները հայելային եղանակով շատ արագ հեռացնել սահմանից եւ վերադառնալ մշտական տեղակայման վայրեր, իսկ այդ տարածքներում տեղակայվում են միջազգային դիտորդներ՝ ՌԴ կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներգրավվածությամբ: Դրանից հետո միջազգային հովանու ներքո տեղի է ունենում սահմանային կետերի ճշգրտման աշխատանք: