Գյումրու ամենաբանուկ՝ Հաղթանակի պողոտան դանդաղ քայլերով հիմնանորոգվում է:
Շինարարական աշխատանքները մեկնարկել էին 2023 թվականի գարնանը: Հիմնանորոգումը կատարվում է «Գյումրի քաղաքի զբոսաշրջության ենթակառուցվածքների եւ ճանապարհների վերակառուցում» ծրագրի շրջանակում: Շինաշխատանքների պատվիրատուն եւ ֆինանսավորողը Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամն է:
1,4 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման համար կծախսվի շուրջ 577 մլն դրամ:
Փողոցաշինական աշխատանքներում ներառված են նաեւ Ձիթողցոնց թանգարանին հարող մայթերի նորոգումը, սալիկապատումը, նոր եզրաքարերի տեղադրումը, լուսավորության ստորգետնյա համակարգի անցկացումը։ Հաղթանակի պողոտա-Տերյան փողոց հատվող խաչմերուկի երթեւեկությունն էլ շուտով կդառնա շրջանաձեւ:
Պողոտայի ձախակողմյան հատվածը պատրաստ է, երթեւեկությունը՝ բաց: Հիմնանորոգման ակտիվ աշխատանքները աջակողմյան հատվածում են ընթանում:
Թեեւ որպես Հաղթանակի պողոտայի հիմնանորոգման վերջնաժամկետ նշված էր 2024 թվականի ապրիլը, բայց գործի ավարտի մասին խոսք անգամ չկա:
Ճանապահրը փակ է տրանսպորտային միջոցների համար, երթեւեկությունն անկանոն՝ ով որտեղից կարողանա: Հանրային տրանսպորտի աշխատանքը նույնպես կաթվածահար է. չկա հստակ սահմանված երթուղի, վարորդը վերանորոգվող բանուկ փողոցի շրջակայքի ուղեւորին իջեցնում է այնտեղ, որտեղ ի՛ր սիրտն ուզի:
Շինարարական աշխաըանքներին զուգահեռ, դեռ տարեսկզբից ապամոնտաժվում են մայթերին անկանոն շարված շուրջ չորս տասնյակ տաղավար-կրպակները: Դրանք քաղաքի ամենակենտրոնում հայտնվել էին դեռ 1990-ական թվականներից, երբ քաղաքային իշխանությունները աջուձախ տնակ-կրպակ տեղադրելու թույլատրություններ էին «բաշխում»: Խնդիրը հասել է մեր օրեր, տնակատերերին տարածքից հանելն էլ դժվարացել է: Ոչ մի տրամաբանության չի ենթարկվում համայնքապետարանի գործելաոճը. մի օր փողոցի սկզբում, մի ամիս անց էլ՝ վերջնամասում տեղադրված մեկ կամ երկու կրպակ է ապամոնտաժվում:
Գյումրիում զանգվածաբար դժգոհում են կրպակների ապամոնտաժման գործընթացի դանդաղությունից: Վեց ամսում քառասուն տնակ ապամոնտաժել չի հաջողվում: Ասում են՝ մեկին հունվարին հանեցին, մյուսը դեռ անարգել առեւտուր է անում: Թե ինչու է դանդաղում գործընթացը, հստակ պատասխան չկա. տնակ-տաղավարների, բայց ո՛չ տարածքի սեփականատերերը երեք տասնամյակ առաջ դրանք վարձով են տվել անհատ տնտեսվարողներին, թղթաբանական խնդիրներ կան:
Երբ վերջնականապես կազատագրվի Հաղթանակի պողոտան տձեւ ու խարխուլ կրպակներից, մայթերը զավթած տնտեսվարողներից, դեռ պարզ չէ:
Նշենք, որ Գյումրու այլ փողոցներում էլ քաղաքի դեմքն աղավաղող տնակների պակաս չկա. հարյուրավոր տաղավարներ կան, որոնց ապամոնտաժման հստակ ժամկետը քաղաքապետարանը դեռ չի նշում:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։