ԱՄՆ Պետդեպարտամենտը նոր վիզային սահմանափակման քաղաքականություն է ներմուծում Վրաստանի համար, որը կտարածվի այն անձանց վրա, ովքեր պատասխանատու են երկրում «ժողովրդավարությունը խարխլելու» համար, ասվում է պետքարտուղար Էնթոնի Բլինկենի անունից հրապարակված Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։
Սա ներառում է այն անձանց, ովքեր պատասխանատու են Վրաստանում բռնության կամ ահաբեկման արշավի միջոցով քաղաքացիական հասարակությանը եւ խաղաղ հավաքների ազատությունը ճնշելու համար, ասվում է հաղորդագրության տեքստում: Դրանում ընդգծվում է, որ յուրաքանչյուր ոք, ով «խաթարում է ժողովրդավարական գործընթացները կամ ինստիտուտները» Վրաստանում, ներառյալ ընտրությունների նախաշեմին, ընթացքում կամ դրանից հետո, կարող է մերժվել ԱՄՆ մուտքի արտոնագրի տրամադրման եւ ԱՄՆ մեկնելու համար։
Հայտարարության պարզաբանման մեջ նշվում է, որ այն վերաբերում է Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունված «օտարերկրյա ազդեցության» օրենքին, որը նպատակաուղղված է «միավորումների եւ խոսքի ազատության իրականացումը ճնշելուն», անկախ լրատվամիջոցների աշխատանքների խոչնդոտմանը, ինչպես նաեւ «այն կազմակերպությունների թիրախավորմանը, որոնք ծառայում են Վրաստանի քաղաքացիներին»։
Օրենքի դեմ բողոքի ցույցերի ժամանակ Միացյալ Նահանգները, ասվում է Բլինկենի հայտարարության մեջ, նկատել է «վախեցնելու եւ բռնության արշավի ակնհայտ նշաններ՝ նպատակաուղղված խաղաղ այլախոհությունը ճնշելուն»:
Բացի այս, ԱՄՆ-ն կսկսի Վրաստանի հետ երկկողմ համագործակցության «համապարփակ վերանայում»:
«Մենք հույս ունենք, որ Վրաստանի ղեկավարները կվերանայեն օրենքի նախագիծը եւ քայլեր կձեռնարկեն իրենց ժողովրդի ժողովրդավարական եւ եվրաատլանտյան նկրտումներին առաջ մղելու համար։ Հաշվի առնելով մեր երկու երկրների հարաբերությունները, մեր որոշումները կայացնելիս հաշվի ենք առնելու Վրաստանի գործողությունները»,-ասվում է հաղորդգարության տեքստում։