«Ամերիկայի Միացյալ Նահանգներն աջակցում է Վրաստանի ժողովրդի եվրաատլանտյան նկրտումներին եւ կոչ է անում կառավարությանը ճիշտ քայլեր ձեռնարկել այս ճանապարհին», — ասվում է պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հայտարարության մեջ, որը հրապարակվել է մայիսի 26-ին Վրաստանի Անկախության օրվա կապակցությամբ:
Պետքարտուղարի հայտարարության մեջ ընդգծվում է Վրաստանի ժողովրդավարական ապագայի եւ բարգավաճման նկատմամբ երկկողմ հարաբերությունների 32 տարիների ընթացքում Վաշինգտոնի ցուցաբերած անսասան նվիրվածության, ինչպես նաեւ Վրաստանի ինքնիշխանությանն ու ամբողջականությանը նրա ամուր աջակցության մասին:
Դրանում նաեւ ընդգծվում է, որ Միացյալ Նահանգները հպարտ է աջակցել Վրաստանի տնտեսության եւ ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված ջանքերին եւ զսպել ռուսական ագրեսիան, եւ վերահաստատում է իր հավատարմությունը վրաց ժողովրդին եւ Վրաստանի ապագային:
Հայտարարության տեքստում նշվում է, որ նախորդ 12 ամիսները Վրաստանի ժողովրդի համար կարեւոր են եղել՝ հաշվի առնելով ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակի պատմական ձեռքբերումը։
Հիշեցնենք, որ մայիսի 23-ին պետքարտուղար Բլինկենը հայտարարեց Վրաստանում ժողովրդավարության քայքայման եւ ամերիկա-վրացական համագործակցության համապարփակ վերանայման պատճառով վիզային ռեժիմի սահմանափակման քաղաքականություն սկսելու որոշման մասին։
Մասնավորապես, Վաշինգտոնը որոշել է վիզային սահմանափակումներ մտցնել «Վրացական երազանքի» կառավարության «ժողովրդավարությունը խարխլող» ներկայացուցիչների եւ նրանց ընտանիքների անդամների համար։
Դրա պատճառը «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» օրինագիծն էր եւ հարակից իրադարձությունները, այդ թվում՝ «բողոքի ցույցերը ճնշելու համար օգտագործվող ռեպրեսիվ մարտավարությունը»։