2023-2024 ուսումնական տարում Շիրակի մարզում դպրոցին հրաժեշտ է տվել 1583 շրջանավարտ: Մարզի տասը դպրոցներում վերջին զանգ չի հնչել, յոթում էլ մեկ շրջանավարտի համար է հնչել:
Անցած ուսումնական տարում 1710 շրջանավարտ կար մարզում: Ութ դպրոցում զանգը ոչ ոքի համար վերջին անգամ չէր հնչել:
Շրջանավարտների թիվը տարեցտարի նոսրանում է հիմնականում գյուղերի դպրոցներում: Թե ինչու, պատճառների մասին մեկնաբանությունները տարբեր են:
Ըստ Պատմական գիտությունների թեկնածու, էթնոաշխարհագրագետ, դոցենտ Արտաշես Բոյաջյանի` Հայաստանը ծերանում է, երկրում ժողովրդագրական ձմեռ է:
Ըստ նրա կատարած հետազոտության՝ մինչեւ 2018 թվականը ծնվածների թիվը գերազանցում էր մահացածների թվին: 2018-ին Հայաստանում առաջին անգամ մահացածների թիվն է գերազանցել։
Այսօր 65 եւ բարձր տարիքի մարդիկ հանրապետության բնակչության թվի 14,5 տոկոսն են, գյուղական որոշ բնակավայրերում՝ 20-22 տոկոսը։ Այս դեպքում հասարակությունը ոչ թե ծերացող, այլ մահացող է համարվում:
97 բնակիչ ունեցող Լեռնուտ բնակավայրում արդեն սովորական է դարձել շրջանավարտ չունենալը: Այս տարի էլ վերջին զանգի տոնակատարությունները շրջանցեցին գյուղը: Եթե մի քանի տարի առաջ դա բացատրվում էր դպրոցի խիստ վատթար՝ տնակային, պայմաններով, այսօր վիճակն այլ է. դպրոցը տեղակայվել է համայնքային կենտրոնում, ունի լոկալ ջեռուցում, լավ պայմաններ:
Այստեղ բնակիչներն ասում են՝ դեմոգարֆիական թեմաներից գլուխ չեն հանում, միայն գիտեն, որ գյուղի տղաներին չեն կարողանում ամուսնացնել. աղջիկները գյուղ հարս գալ չեն ցանկանում, գյուղում ծնված-մեծացածներն էլ ընտրություն կատարելիս նախընտրում են քաղաքի տղաներին:
«Այս պահին Լեռնուտում 30-40 տարեկան չամուսնացած մեկ տասնյակ տղամարդ կա, էլ որտեղի՞ց երեխաներ ու աշակերտներ ունենանք»,- ասում են լեռնուտցիները:
Հավելենք նաեւ, որ գյուղում սուբվենցիոն ծրագրով նոր մանկապարտեզ է կառուցվել, բայց մանկահասակ երեխաներ չլինելու պատճառով նորակառույցը չի գործում:
Շիրակի մարզի, մեկ այլ փոքր գյուղում՝ Հովիտում, դպրոցի վերջին զանգը հնչեց, բայց տոնական օրվա միայն մեկ հերոս ունեին:
Վարչական ղեկավար Ավետիք Սերոբյանն ասում է՝ եթե գյուղում ավարտական տարիքի բոլոր երեխաները մնային, կրթությունը շարունակեին Հովիտում, ոչ թե մեկ, այլ հինգ շրջանավարտ կունենային: Սերոբյանը վստահեցնում է, որ Հովիտի դպրոցը, մանկավարժներն որակով չեն զիջում քաղաքի դպրոցներին, բայց քաղաքում դպրոց գնալը «մոդայիկ» է դարձել:
Աշակերտների թվի նվազման շուրջ գույուղում կարծիքները խիստ տարբեր են: Ոմանք պնդում են, թե վատ կյանքից են գնում գյուղից, պայմաններից դժգոհում, արտասահման կամ քաղաքներ են տեղափոխվում: Հովիտցիներից ոմանք էլ հակառակ կարծիքն են պնդում, թե՝ տրանսպորտային փոխադրամիջոցներն են շատացել, ֆինանսական միջոցներն էլ բավարարում են երեխաներին գյուղից դուրս՝ այլ դպրոց ուղարկելուն:
Լա՞վ, թե՞ վատ կյանքից, բայց փաստը փաստ է մնում, որ գյուղերն օր օրի դատարկվում են, դպրոցները մնում անաշակերտ:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։