Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտնել է, որ Ֆրանսիան իր խոր մտահոգությունն է հայտնում Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին միջադեպերի աճի կապակցությամբ, որոնցից ամենաթարմը 2021 թվականի մայիսի 26-ի լույս 27-ի գիշերը ադրբեջանական ուժերի կողմից 6 հայ զինվորների գերեվարումն է:
«Ֆրանսիան կողմերին կոչ է անում առավելագույն զսպվածություն ցուցաբերելու եւ զերծ մնալու ցանկացած սադրանքից: Երկու երկրների միջեւ սահմանի սահմանազատումը եւ սահմանագծումը պետք է իրականացվի որպես կողմերի միջեւ բանակցությունների մի մաս, առանց որեւէ հետագա գործողության»,- ասված է Ֆրանսիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում:
Ֆրանսիայի ԱԳՆ-ն նաեւ հիշեցնում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ մայիսի 13-ի հայտարարությունը, ըստ որի՝ տարածաշրջանում կայունության եւ անվտանգության վերականգնման նպատակով իրավիճակը հնարավոր է կարգավորել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով։
«Էմանուել Մակրոնը վերահաստատել է Ֆրանսիայի հավատարմությունը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ եւ ընդգծել է Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը»,- ասված էր Ելիսեյան պալատի հայտարարությունում: