Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ուկրաինային պետք է հնարավորություն տրվի «չեզոքացնելու» բոլոր այն ռազմակայանները, որտեղից ռուսական հրթիռներ են արձակվում երկրի տարածքի ուղղությամբ։
«Մենք պետք է թույլ տանք նրանց [Ուկրաինային] չեզոքացնել այն ռազմակայանները, որտեղից հրթիռներ են արձակվում», — ասել է Մակրոնը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Ֆրանսիայի նախագահը սրա հետ մեկտեղ հիշեցրել է, որ Ուկրաինայի տարածքը հրթիռակոծվում է Ռուսաստանի տարածքից։
Եվրոպական երկրների ղեկավարները տարակարծիք են այն հարցում, թե արդյոք պետք է թույլատրել Ուկրաինային օգտագործել արեւմտյան զինատեսակները՝ Ռուսաստանի ներսում գտնվող թիրախներին հարվածելու համար: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ դեռեւս որեւէ պատճառ չի տեսնում նման գործողությունների վրա դրված արգելքը հանելու համար։ Արգելքի վերացմանը դեմ է արտահայտվել նաեւ Իտալիայի արտգործնախարար Անտոնիո Տայանին։
Միեւնույն ժամանակ, Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել է, որ Ռուսաստանը «ոչնչով չի սահմանափակում իրեն» եւ արեւմտյան երկրներին կոչ է արել նույնպես դադարեցնել Ուկրաինային աջակցելու հարցում սահմանափակումներ դնելը։ Սահմանափակումների վերացմանն աջակցել են նաեւ Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկեւիչը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, Նիդեռլանդների պաշտպանության նախարար Կայսա Օլոնգրենը եւ Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան։