Ամերիկացի լրագրող Մայքլ Ռուբինը ամերիկահայկական «The Armenian Mirror-Spectator» պարբերականում հրապարակած այս հոդվածում քննարկում է Ջո Բայդենի վարչակազմի վարած դիվանագիտության որակը՝ հիշեցնելով, որ ԱՄՆ 46-րդ նախագահն՝ իշխանության գալով, ազդարարել էր դիվանագիտության վերադարձը։
Նախագահ Ջո Բայդենը պաշտոնը ստանձնելուց հետո հայտարարեց. «Դիվանագիտությունը վերադարձել է»։ Պետքարտուղար Էնթոնի Բլինկենի գլխավոր օգնականները եւ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը կրկնեցին մանտրան: Ո՞րն է դրանց նշանակությունը։ Թրամփի ժամանակշրջանի միակողմանիությունն ու թիկունքային թվիթերյան քաոսն ավարտվեցին։
Սակայն դիվանագիտությամբ զբաղվող պետական գործիչը նման է նշտարին տիրապետող վիրաբույժի. գործիքի կիրառումը կախված է հմտությունից։ Մինչ Բայդենի վարչակազմը կիրառում էր դիվանագիտության ավանդական ատրիբուտները, դրա անդամները ռազմավարությանը մոտեցան նարկոլոգիական հմտությամբ՝ էպիլեպտիկ հեգնանքի բարձր շառաչյունով։
Մի կողմ թողեք Սալիվանի կողմից Իրանի վրա առավելագույն ճնշման թուլացումը՝ դրա արժույթային ռեզերվների կրճատման պատճառով, Եմենի հութի աշխարհազորայինների նկատմամբ Բլինկենի կողմից պատժամիջոցների չեղարկումը կամ Բայդենի թիմի՝ «Հյուսիսային հոսք 2»-ի դեմ պատժամիջոցներից հրաժարվելը Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից առաջ: Հասկանալու համար, թե ամերիկյան դիվանագիտությունը որքան թույլ է թվում թե՛ հակառակորդների, եւ թե՛ դաշնակիցների համար, դիտարկեք Ադրբեջանը։
2020 թվականի դեկտեմբերին, երբ դեռ մեկ ամիս էր անցել, ինչ նախագահ Իլհամ Ալիեւը ավարտել էր Լեռնային Ղարաբաղի գրավման առաջին փուլը, ճգնաժամի հարցերով ԱՄՆ-ի առաջատար դիվանագետ Էնդրյու Շոֆերը մեկնեց Երեւան եւ Բաքու: Ալիեւը հեռուստատեսության ուղիղ եթերում նվաստացրեց Շոֆերին՝ պարծենալով, թե ինչպես է Ադրբեջանի ռազմական խիզախությունը հասել այն ամենին, ինչին չի հաջողվել հասնել ամերիկյան դիվանագիտությանը, որից հետո հարցրել էր՝ «Ինչո՞ւ եք այստեղ»:
Այդ դրվագը պետք է երանգավորեր Ադրբեջանի հանդեպ Բլինկենի մոտեցումը, երբ նա ստանձնում էր պաշտոնավարումը, բայց, ավաղ, Բայդենի ժամանակաշրջանը սահմանեց Ամերիկայի հանդեպ Ալիեւի արհամարհանքը հանդուրժելու պատրաստակամություն:
Նվաստացումների ցանկը երկար է։ Երբ 2023 թվականի հունիսին ադրբեջանական դիպուկահարները կրակեցին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ծրագրի վրա Երասխում, սպանելով հնդիկ բանվորին, Բլինկենը եւ USAID-ի ադմինիստրատոր Սամանթա Փաուերը լռեցին։
Այնուհետեւ՝ երեք ամիս անց, ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առաջ հայտարարեց, որ Միացյալ Նահանգները չի հանդուրժի ադրբեջանական ռազմական հարձակումը: Օրեր անց Ադրբեջանն իր անօդաչուներին եւ տանկերին կարգադրեց ողջ շրջանով մեկ երկրի երեսից ջնջել քրիստոնեության 1700 ամյա հետքերը։ Եվ ԱՄՆ պատասխա՞նը։ Անազնվություն նույնիսկ այն ժամանակ, երբ պարզվեց, որ ընդամենը օրեր առաջ իրական նպատակների մասին Ալիեւը բացեիբաց ստել էր Կիմին։
Լավ, այնքան էլ անազնվություն չէ։ Փաուերը, որն իշխանության եկավ ցեղասպանության դեմ ամերիկյան անցյալի անգործության ցինիզմի եւ անբարոյականության քննադատության շնորհիվ, արձագանքեց Հայաստան այցելությամբ՝ ցեղասպանության հուշահամալիրում ծաղկեպսակ դնելով: Սակայն, դա անկեղծորեն անելու փոխարեն, նա իր հետ նկարահանող խումբ բերեց՝ այցը փաստագրելու համար։ Ինչպես հայերն են նշում, Փաուերին հետեւելու համար «փի-առ» (PR) արշավի մեջ USAID-ի ներդրումները իրականում գերազանցել են այն ամենին, ինչ նա առաջարկել էր շրջանի 120,000 սովահար քաղաքացիներին՝ հարձակմանը նախորդած 11-ամսյա շրջափակման ընթացքում:
Գազայում ահաբեկչական որակված խմբավորումը օդից պարեն եւ դեղորայք է ստացել, իսկ ինչ են ստացել Լեռնային Ղարաբաղի տեղաբնիկ քրիստոնյանե՞րը։ Պատասխան՝ հիանալի փայլով դիմանկար։
Քննադատությունների աճին զուգընթաց Բլինկենը եւ Փաուերը հանդիպեցին եվրոպացի գործընկերների հետ՝ Լեռնային Ղարաբաղի փախստականների օգնության փաթեթը մշակելու համար: Բայց, ավաղ Բլինկենը եւ Փաուերը գումարի զգալի մասը հատկացրեցին կլիմայի փոփոխությանը եւ LGBT խնդիրներին, որոնք հազիվ թե փախստականների ցուցակի վերին տողերում լինեն։ Ալիեւը պատասխանեց այնպես, ինչպես կարող են պատասխանել բռնապետերը։ Նա իր բանակն ուղարկեց Հայաստանի տարածքի խորքերը։
Երբ Պետդեպարտամենտը հայտնվում է փոսի մեջ, Բլինկենը սկսում է էլ ավելի խորը փորել։ Այդ նույն շաբաթ, երբ Ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամ Հենրի Կուելարին Արդարադատության դեպարտամենտը մեղադրանք ներկայացրեց, որ նրա գրասենյակը կաշառք է ստացել Ադրբեջանից, Բլինկենն Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբիին ուղարկեց Շուշի՝ ադրբեջանական ուժերի կողմից էթնիկ զտման ենթարկված հնագույն հայկական քաղաք:
Արբանյակային պատկերները, որոնք նկարվել են զենքերի լռելուց հետո, ցույց են տալիս, որ Ադրբեջանը շարունակում է ավերել եկեղեցիները: Մինչ նման անարգանքի պատճառով ֆրանսիացիները Բաքվից հետ են կանչում իրենց դեսպանին, ԱՄՆ դեսպանն այսօր կանգնած է ցեղասպանության եւ եկեղեցիների ավերման կողքին։ Մինչ ֆրանսիացիներն այսօր փորձում են հյուպատոսություն բացել հայկական այն շրջանում, որն Ադրբեջանը փորձում է բռնակցել, Պետդեպարտամենտն ինքնակամ քայլեր է կատարում։
Ինչպես Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարեթ Թետչերն էր նախազգուշացրել ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ ավագին՝ Իրաքի Քուվեյթ ներխուժման ֆոնին. «Մի տանտանվիր իմ հարցում, Ջորջ», այնպես էլ ֆրանսիացիներն են Բայդենին եւ Բլինքենին ցույց տալիս ողնաշարի իմաստը: Ցավոք, ագրեսիայի եւ անհիմն հակաամերիկանիզմի պայմաններում Բայդենի թիմն ամբողջովին դառնում է անողնաշար:
The Armenian Mirror-Spectator
Michael Rubin “Blinken Provides Case Study in How Not to Do Diplomacy”