Ռուսաստանը Ուկրաինային F-16 կործանիչների մատակարարումը դիտարկելու է որպես միջուկային ոլորտում ՆԱՏՕ-ի կանխամտածված ազդանշան։ Այս մասին «РИА Новости»-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ նշելով, որ մարտի դաշտում դրանց հա՝յտնվելը որեւէ կերպ չի փոխի իրադրությունը։
«F-16 կործանիչները երկար ժամանակ եղել են ՆԱՏՕ-ի, այսպես կոչված, համատեղ միջուկային առաքելությունների հիմնական տեղափոխմնան միջոցները: Ուստի այդ համակարգերի մատակարարումը Կիեւի ռեժիմին չենք կարող չդիտարկել որպես ՆԱՏՕ-ի կանխամտածված ազդանշանային գործողություն միջուկային ոլորտում։ Մեզ փորձում են հասկացնել, որ Ուկրաինայում ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն պատրաստ են բառացիորեն ամեն ինչի»,-նշել է Լավրովը։
ՌԴ արտգործնախարարը նաեւ ասել է, որ ոչ ռազմավարական միջուկային զենքով ռուս-բելառուսական զորավարժությունները որոշակի «խելամտություն» կհաղորդեն Արեւմուտքին։
Լավրովը նաեւ հավելել է, որ Ռուսաստանը, բացի միջին եւ փոքր հեռահարության հրթիռների տեղակայման միակողմանի մորատորիումից հրաժարվելուց, կարող է նաեւ քայլեր ձեռնարկել միջուկային զսպման ոլորտում, եթե ԱՄՆ-ն իր հրթիռները տեղակայի Եվրոպայում կամ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։
«Ցամաքային միջին եւ ցածր հեռահարության հրթիռներ տեղակայելու ամերիկացիների ծրագրերի իրականացումը անարձագանք չի մնա։ Մասնավորապես, այս դեպքում անխուսափելի է միակողմանի ինքնասահմանափակումներից հրաժարումը, որը Ռուսաստանը ներդրել էր «Միջին եւ ցածր հեռահարության հրթիռների վերացման մասին պայմանագրից» ԱՄՆ-ի դուրս գալուց հետո։ Մենք չենք բացառում հավելյալ քայլերը միջուկային զսպման ոլորտում. ի վերջո, ամերիկյան առաջապհ հրթիռները կկարողանան խոցել մեր միջուկային ուժերի հրամանատարական կետերն ու տեղակայման վայրերը։ Այդ հարցերի վերաբերյալ որոշումները գտնվում են Ռուսաստանի Դաշնության Նախագահի իրավասության ներքո»,-նշել է ՌԴ ԱԳ նախարարը։
Լավրովի պնդմամբ՝ Եվրոպայում եւ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում միջին եւ ավելի փոքր հեռահարության ամերիկյան ցամաքային հրթիռների տեղակայումը «անվտանգության լուրջ մարտահրավեր կստեղծի Ռուսաստանի Դաշնության համար»։