ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը մայիսի 29-ին ժամանել է Մոլդովա եւ մայրաքաղաք Քիշնեւում հանդիպել նախագահ Մայա Սանդուի հետ։
Հանդիպումից հետո Բլինկենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Սանդուի դեմոկրատական քաղաքականությանը։ Դիվանագետի խոսքով՝ ԱՄՆ-ն եւ Մոլդովան պայմանավորվել են ընդլայնել դեսպանական ծրագիրը եւ կոռուպցիայի դեմ պայքարի նոր միջոցները, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ ռուսամետ ուժերի ազդեցության դեմ պայքարը, որն ուղղված է մոլդովացիների շրջանում ապատեղեկատվության տարածումը եւ երկրում իրավիճակի ապակայունացումը կանխելուն։
ԱՄՆ-ը նաեւ կօգնի Մոլդովային կիբերանվտանգության ոլորտում եւ կաջակցի մամուլի ազատությանը։
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել 50 մլն դոլար հատկացնել Մոլդովային՝ դատական բարեփոխումներին աջակցելու եւ 85 մլն դոլար՝ էներգետիկ ոլորտում առկա խնդիրների լուծման համար, որպեսզի հանրապետությունն արագ հաղթահարի Ռուսաստանից իր էներգետիկ կախվածությունը։
Նախագահ Մայա Սանդուն ի պատասխան շնորհակալություն է հայտնել ԱՄՆ պետքարտուղարին՝ Մոլդովային աջակցելու եւ առանձին՝ պատերազմող Ուկրաինային աջակցելու համար։ Նա նշել է, որ Ուկրաինան պայքարում է ոչ միայն իր, այլեւ բոլոր եվրոպական երկրների ազատության եւ անվտանգության համար։
Սա Բլինկենի երկրորդ այցն է Մոլդովա՝ Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո։ Վերջին անգամ նա Քիշնեւ էր այցելել 2022 թվականի մարտին։ Այդ ժամանակ Մոլդովան դարձել էր այն երկրներից մեկը, որն ընդունել էր մեծ թվով ուկրաինացի փախստականների։