ԱՄՆ-ին անհանգստացնում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանագծի երկայնքով վերջին զարգացումները, այդ թվում` ադրբեջանական ուժերի կողմից մի քանի հայ զինծառայողների կալանավորումը: Կոչ ենք անում երկու կողմերին շտապ կարգավորել այս միջադեպը խաղաղ ճանապարհով: Վերահաստատում ենք նաեւ Ադրբեջանին ուղղված մեր նախկին կոչը` անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին եւ մյուս կալանավորվածներին: Հիշեցնում ենք Ադրբեջանին` բոլոր կալանավորվածների նկատմամբ միջազգային մարդասիրական օրենսդրությամբ ստանձնած պարտավորությունների շրջանակներում մարդասիրաբար վերաբերվելու պարտավորությունը:
Միացյալ Նահանգները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի ոչ գծանշված հատվածներում ցանկացած տեղաշարժ համարում է սադրիչ եւ ավելորդ: Մենք մերժում ենք սահմանազատելու նպատակով ուժի կիրառումը եւ կոչ ենք անում երկու կողմերին վերադառնալ իրենց նախկին դիրքերն ու դադարեցնել ոչ սահմանագծված սահմանի ռազմական ամրացումն ու ականապատումը: Մասնավորապես, կոչ ենք անում Ադրբեջանին իր ուժերը տեղափոխել մինչեւ մայիսի 11-ին ունեցած դիրքերը: Կոչ ենք անում նաեւ Հայաստանին իր ուժերը հետ քաշել մինչեւ մայիսի 11-ի դիրքերը: Այս մտադրության մասին հայտարարությունները ողջունելի են:
Նման գործողությունները կարող են մեղմել լարվածությունն ու հնարավորություն ընձեռել խաղաղ բանակցությունների ճանապարհով անհապաղ սահմանազատման գործընթացի մեկնարկի համար: ԱՄՆ-ն պատրաստակամ է իր աջակցությունը ցուցաբերել այս ջանքերում:
Միացյալ Նահանգները կողմերին հորդորում է հնարավորինս արագ վերադառնալ առարկայական բանակցությունների ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո` Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը հասնելու նպատակով: