ԱՄՆ Պետդեպարտամենտը Վրաստանի իշխանություններին կոչ է անում ապահովել տնտեսական թափանցիկություն չինական կոնսորցիումի հետ, որը կարող է ներգրավվել Անակլիա նավահանգիստը կառուցելու աշխատանքների մեջ։
«Միացյալ Նահանգները հարգում է երկրների ինքնիշխան որոշումները՝ կապված թե ում հետ են ցանականում բիզնես վարել կամ հարաբերություններ ունենալ: Այնուամենայնիվ, կարծում ենք, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմակերպությունների հետ բիզնես վարելիս կարեւոր է պատշաճ զգուշավորություն ու ջանասիրություն ցուցաբերել, հաշվի առնել հնարավոր ազդեցությունները կարեւոր ենթակառուցվածքների ու ինքնիշխանության վրա, եւ ապահովել արդար եւ թափանցիկ տնտեսական հարաբերություններ, որոնք ձեռնտու են Վրաստանին»,-ասվում է Պետքարտուղարության հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Վրաստանի էկոնոմիկայի նախարար Լեւան Դավիթաշվիլին ասել էր, որ Անակլիայի նավահանգստում ներդրողը չինական կոնսորցիումն է լինելու։ Խոսքը, ըստ նախարարի, China Communications Construction Company Limited (Չինաստան) եւ China Harbor Investment (Սինգապուր) ընկերությունների մասին է, որոնք ունեն երկու ենթակապալառուներ՝ China Road and Bridge Corporation-ը եւ Qingdao Port International-ը։
Վրաստանի պաշտպանության նախկին նախարար, այժմ «Քաղաքացիական գաղափար» ոչ կառավարական կազմակերպության նախագահ Թինա Խիդաշելին պնդում է, որ չինական կոնսորցիումը, որը ակնկալում է ներդրող դառնալ Անակլիա նավահանգստում, գտնվում է ԱՄՆ պատժամիջոցների ներքո։
Բացի այդ, ըստ Խիդաշելիի, ընկերությունը Համաշխարհային բանկի սեւ ցուցակում է հայտնվել 2009-2017 թվականներին։