Եվրամիության խորհուրդը համաձայնություն է տվել հուլիսի 1-ից բարձրացնել Ռուսաստանից եւ Բելառուսից հացահատիկի ներմուծման համար գանձվող մաքսատուրքերը:
Այս մասին, մասնավորապես, հայտարարել է առեւտրի հարցերով եվրահանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը։ Նա նման միջոցի կիրառումը կապել է «ռուսական հացատիկով ԵՄ գյուղատնտեսական հատվածի ապակայունացումը թույլ չտալու, Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի ֆինանսավորման միջոցները սահմանափակելու եւ եվրոպական շուկաներ գողացված ուկրաինական հացահատիկի մատակարարումը կանխելու հետ»։
Կախված կոնկրետ ապրանքից՝ ԵՄ ներկրվող ապրանքի մեկ տոննայի դիմաց նոր տուրքերը կավելանան կամ 95 եվրոյով, կամ ԵՄ շուկաներում ցորենի գնի մինչեւ 50%-ով, գրում է «КоммерсантЪ»-ը։ Պարբերականը նաեւ նշում է, որ Ռուսաստանից եւ Բելառուսից հացահատիկի պաշտպանիչ մաքսատուրքերը չեն ազդի ԵՄ նավահանգիստներով երրորդ երկրներ տարանցման վրա։
ՌԴ արտգործնախարարության արձագանքում էլ նշվում է, որ փոփոխությունները կազդեն հացահատիկի համաշխարհային շուկայի վրա։