Սլովենիայի կառավարությունը նախօրեին՝ մայիսի 30-ին ճանաչեց Պաղեստին պետության անկախությունն ու ինքնիշխանությունը։ Այս մասին հայտնել է Սլովենիայի արտգործնախարարությունը։ Վերջնական ճանաչման համար կառավարության որոշումը պետք է հաստատի Ազգային ժողովը՝ Սլովենիայի խորհրդարանը։ Ակնկալվում է, որ դա տեղի կունենա մոտ ապագայում։
Սլովենիայի արտաքին գործերի նախարար Տանյա Ֆայոնը հայտարարել է. «Ուրախ եմ, որ Սլովենիայի կառավարությունը գնաց այս պատմական քայլին։ Իսրայելցիներն ու պաղեստինցիներն իրավունք ունեն իրենց երեխաներին մեծացնել խաղաղության, անվտանգության եւ բարգավաճման պայմաններում իրենց պետությունների մեջ: Պաղեստինի ճանաչումը այս երկու երկրների եւ ժողովուրդների խաղաղ գոյակցության միակ ճանապարհն է»։
Սլովենիայի ԱԳՆ-ն կոչ է արել եվրոպական մյուս երկրներին հետեւել իր օրինակին։ Գերատեսչությունն ընդգծել է, որ Սլովենիան պահանջում է հրադադար Գազայի հատվածում, պատանդների ազատ արձակում եւ հետագա բարեփոխումներ՝ Պաղեստինի կառավարությանը աջակցելու համար։
Ավելի վաղ՝ մայիսի 28-ին, Պաղեստինի պետության անկախությունը ճանաչելու մասին հայտարարել էին եւս երեք եվրոպական երկրներ՝ Նորվեգիան, Իսպանիան եւ Իռլանդիան։
Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը Պաղեստինի պետականությունը ճանաչելու Սլովենիայի կառավարության որոշումը անվանել է պարգեւատրում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման համար։
«Սլովենիայի կառավարության որոշումը՝ առաջարկելով Սլովենիայի խորհրդարանին ճանաչել Պաղեստինի պետությունը, պարգեւատրում է ՀԱՄԱՍ-ին սպանությունների, բռնաբարությունների եւ գլխատումների համար։ Հուսով եմ, որ Սլովենիայի խորհրդարանը կմերժի այս առաջարկը»,-գրել է Կացը X-ի իր էջում։
Իսրայելի արտգործնախարարության ղեկավարի խոսքով՝ Սլովենիայի կառավարության որոշումը «ամրացնում է իրանական չարիքի առանցքը»։