Չեխիայի մայրաքաղաք Պրահայում մայիսի 30-ից 31-ը անցկացվեց Unlock քաղաքացիական համաժողովը, որի ընթացքում քննարկվել են Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրձաններում քաղաքացիական ակտիվիզմի, լրատվամիջոցների և տեխնոլոգիաների կապի վերջին միտումները:
Համաժողովին Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից, Ուկրաինայից, Մոլդովայից, Ղազախստանից, Տաջիկստանից, Ղրղզստանից, Բիրմայից և այլ երկրներից մասնակցել են ավելի քան 200 ակտիվիստներ, լրագրողներ, տեխնոլոգիայի ոլորտի փորձագետներ, սոցիալական ձեռնարկատերեր և այլոք։
Երկօրյա համաժողովի մասնակիցներին ներկայացված տարբեր թեմաների շարքում է եղել նաեւ «Դասավանդիր Հայաստան» (Teach for Armenia) կազմակերպության գործունեությունը։
Այն ներկայացրել է «Դասավանդիր Հայաստանի» հիմնադիր Լարիսա Հովհաննեսյանը, ով խոսել է կազմակերպության պատմության եւ հատկապես Արցախում իրականացրած ծրագրերի մասին:
«Unlock»-ի մասնակիցներին ներկայացվել է պատերազմի ընթացքում կրթության շարունակական կարեւորությունը, ցուցադրվել է արցախյան պատերազմի ընթացքում դասավանդելու գործընթացը պատմող տեսանյութ, խոսվել է Արցախից 2023-ին բռնի տեղահանված հայերի իրավունքների մասին։