Հայաստանի տարածք ադրբեջանական ներխուժումից հետո ՀԱՊԿ-ից ու Ռուսաստանից պայմանագրային պարտավորությունները չկատարելու հիասթափությունների ֆոնին Երեւանը վերջին շրջանում փորձում է որոշակի փոփոխությունների ենթարկել արտաքին քաղաքական կուրսը։ Դրա վառ օրինակներից են ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հետ ակտիվացած շփումները եւ ՀԱՊԿ գագաթնաժողովներին ու զորավարժություններին ցուցադրաբար չմասնակցելը։ Սակայն հարց է առաջանում, արդյո՞ք Հայաստանը նման քայլերով կկարողանա դուրս գալ այսպես կոչված «Ռուսական ուղեծրից», որն անկախությունից ի վեր փաստացի ներկայացվել է որպես երկրի անվտանգության ապահովման չգրված, բայց եւ գոյություն ունեցող զորեղ բաղադրիչ։
«Կարնեգի» կենտրոնի համար գրած հոդվածում այս հարցին է փորձում պատասխանել փորձագետ Արեգ Քոչինյանը՝ ներկայացնելով Հայաստանում ռուսական ազդեցության թուլացմանը զուգահեռ արտաքին քաղաքականության ոլորտում ձեռք բերվող նորանոր հնարավորությունները։
Վերջին ամիսներին Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ դրամատիկ տեղաշարժեր են եղել։ Երեւանը սառեցրել է անդամակցությունը Ռուսաստանի գլխավորած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ), դադարեցրել է դրա ֆինանսավորումը եւ, չնայած Ռուսաստանի բողոքներին, միացել է Միջազգային քրեական դատարանին։
Սկսվել է նաեւ օդանավակայաններից ռուս սահմանապահներին հեռացնելու գործընթացը եւ կրճատվել մասնակցությունը Ռուսաստանի գերակայության ներքո գտնվող այնպիսի կառույցներում, ինչպիսիք են Անկախ Պետությունների Համագործակցությունը (ԱՊՀ) ու Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ):
Վերջինը, որը ոչ պակաս կարեւոր է, Եվրոպայում եւ Միացյալ Նահանգներում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունն է բարձր մակարդակի հանդիպումներին, որոնց թվում է ապրիլի 5-ին կայացած եռակողմ աննախադեպ հանդիպումը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի, ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելի եւ ԱՄՆ պետքարտուղարի Էնթոնի Բլինկենի հետ։
Երեւանն իր նորագույն պատմության մեջ առաջին անգամ է վարում արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման եւ Ռուսաստանի հետ կապ չունեցող քաղաքական, ռազմական եւ տեխնոլոգիական գործընկերությունների զարգացման գործընթաց:
2020 թվականին Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմում կրած պարտությունը մեծ վնաս հասցրեց Հայաստանի ռազմական հնարավորություններին։ Հետագայում՝ 2021 եւ 2022 թվականներին Ադրբեջանի կողմից Հայաստան ներխուժումներից, 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության արտագաղթից եւ Բաքվի կողմից այն վերջնականապես գրավելուց հետո, Երեւանը սկսեց վերանայել Ռուսաստանի հետ իր երկարամյա դաշինքը։
Այսպես, Մոսկվան չկարողացավ երաշխավորել Հայաստանի անվտանգությունը, մինչդեռ հենց անվտանգությունն էր Հայաստանի` ռուսական գերության տակ գտնվելու հիմնական պատճառը: Խոսքն այս դեպքում գնում է ոչ այնքան 2020 թվականի պատերազմի մասին (որում Ռուսաստանը որեւէ իրավական պարտավորություն չուներ), որքան այն ամենի, որ Մոսկվան հրաժարվեց իր պաշտոնական պարտավորություններից, երբ Ադրբեջանը 2021 եւ 2022 թվականներին խախտեց Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանները, իսկ Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունը 2023-ին ձախողվեց Լեռնային Ղարաբաղում։
Ռուսաստանն ավանդաբար բարի համբավ ուներ հայերի շրջանում, ինչը երկրում ռուսական ներկայության գլխավոր հիմքն էր։ Սակայն, Ռուսաստանին իրենց ամենակարեւոր քաղաքական գործընկեր համարող հայերի թիվը 2019 թվականի ցուցանիշով եղած 88 տոկոսից 2023 թվականին նվազել է հասնելով 34-ի։ Սա Երեւանի եւ Մոսկվայի հարաբերությունների մեջ տեղի ունեցած ամենանշանակալի տեղաշարժն է, որը գուցե երբեւէ չփոփոխվի։
Մոսկվան Հայաստանում կյանքի վրա ազդելու բազմաթիվ եղանակներ ունի՝ նույնիսկ անվտանգության ոլորտից դուրս։ Ներկայում Ռուսաստանը տրամադրում է Հայաստանի բնական գազի ավելի քան 90 տոկոսը, վերահսկում է երկրի գազային ենթակառուցվածքները, ինչպես նաեւ մատակարարում է Հայաստանի ատոմակայանին անհրաժեշտ ողջ ուրանը։ Ռուսաստանը նաեւ Հայաստանի ամենամեծ առեւտրային գործընկերն ու երկրից արտահանման հիմնական ուղղությունն է։ Ռուսաստանին է պատկանում Հայաստանի երկաթուղին եւ էլեկտրացանցերի մեծ մասը։ Այն նաեւ հսկայական ներկայություն ունի այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են հեռահաղորդակցությունը, էլեկտրակայանների կառավարումը եւ սննդի անվտանգությունը (օրինակ Հայաստան ներմուծվող հացահատիկի ներմուծման մեծ մասը)։
Առայժմ պահպանվում է նաեւ Ռուսաստանի ռազմական ներկայությունը՝ Գյումրիում տեղակայված ռազմաբազան եւ Էրեբունիում գտնվող ավիաբազան։ Ռուսական սահմանափակ ներկայություն կար նաեւ Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանին, սակայն Երեւանի պահանջով Մոսկվան այժմ այդ հատվածներից դուրս է բերում սահմանապահ զորախումբը, ինչը կավարտվի մայիս-հունիս ամիսներին։
Այս գործոններից ոչ մեկը, սակայն, անհաղթահարելի խոչընդոտ չէ Հայաստանի համար, որը ձգտում է դուրս գալ Ռուսաստանի ուղեծրից, գոնե կարճաժամկետ եւ միջնաժամկետ հեռանկարում: Չնայած Հայաստանը ամենաշատ գազը գնում է Ռուսաստանից, այնուամենայնիվ դրա հիմնական պատճառը մատչելիությունն է։ Բայց, օրինակ, եթե բարձրանա գազի գինը, Հայաստանը կարող է Իրանից ավելի մեծ ծավալների գազ գնել։ Առկա է Հայաստանը Իրանին կապող գազատար, որը արդիականացնելու եւ տուրբիններով հագեցնելու պարագայում կարող էր ապահովել երկրի կարիքների մինչեւ 80 տոկոսը։
Չնայած գազատարը պատկանում է Ռուսաստանին, սակայն, եթե Ռուսաստանը դադարեցնի իրանական արտահանումը կամ ավելի թանկ գներ սահմանի, Հայաստանը կարող է ազգայնացնել այն: Զուգահեռաբար, Հայաստանի միջուկային ռեակտորի համար ուրան կարելի է գնել Ղազախստանից, որի նախագահը Հայաստան էր այցելել ապրիլի կեսերին: Այս հարցում տեխնոլոգիաների տարբերություն չկա։
Երեւանը նաեւ նախատեսում է զարգացնել իր սահմանապահ ուժերի կարողությունները։ Եթե Հայաստանն արեւմտյան տեխնոլոգիաների, վերապատրաստման եւ լրացուցիչ ֆինանսների տիրապետման հնարավորություն ստանա, ապա ներկայում երկրի սահմաններին կանգնած ռուս սպաների անհրաժեշտությունը կվերանա:
Այսուհանդերձ, վերը նշվածը հնարավոր չի լինի, եթե Ռուսաստանը որոշի տնտեսական եւ քաղաքական ուժ ցուցադրել, սակայն երկիրն առնվազն կկարողանա խուսափել անդունդը գլորվելուց: Մտահոգություններն առ այն, որ Ռուսաստանը կարող է փորձել տնտեսական դժվարություններ ստեղծել ժողովրդավարության դեմ հիբրիդային հարձակումների միջոցով առավել քան իրատեսական են, սակայն ապոկալիպտիկ` «ուկրաինական սցենարի» վերաբերյալ մտավախությունները, որտեղ Ռուսաստանը օգտագործում է իր ունեցած գրեթե բոլոր լծակները` Հայաստանի պարագայում չափազանցված են:
Երեւանը պետք է օգտագործի հնարավորությունների պատուհանը, որը հենց հիմա բաց է։ Եթե արեւմտյան կառույցներին Հայաստանի ինտեգրումը փուլային գործընթաց է լինելու, ապա Ռուսաստանի ղեկավարած ինստիտուտներից դանդաղ անջատում դժվար է պատկերացնել: Մոսկվայի ուղեծրից հեռանալու համար Երեւանին անհրաժեշտ է միակողմանի լուծում, եւ դրա հնարավորությունը հենց հիմա է թե՛ տարածաշրջանում (անվտանգային իրավիճակ եւ ժողովրդավարական կառավարում Հայաստանում), թե՛ միջազգային (Ռուսաստանի պատերազմն ընդդեմ Ուկրաինայի եւ այդ պատերազմում Ռուսաստանի հյուծվածություն) հանգամանքների միախառնման շնորհիվ: Իրավիճակ, որը հավերժ տեւել չի կարող։
Ամենայն հավանականությամբ Հայաստանին անհրաժեշտ կլինի հանդարտեցնել Ռուսաստանին, քանի որ այն թեքվում է դեպի Արեւմուտք՝ իր ավելի մեծ հարեւանի հետ երկկողմ հարաբերությունների նոր մոդել ձեւակերպելով (չնայած, ի ուրախություն Հայաստանի, երկիրն ուղիղ սահման չունի Ռուսաստանի հետ):
Սա կարող է նմանվել վերջին տարիներին Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման Ադրբեջանի եւ Ուզբեկստանի մոդելին, որը ենթադրում է տարածաշրջանային ինտեգրացիոն ռուսական ծրագրերից որոշակի հեռավորություն պահպանելով` սեփական երկրներում Ռուսաստանի նվազագույն ներկայություն: Սրան զուգահեռ տնտեսական կապերի պահպանում, երկկողմ քաղաքական կապերի զարգացում եւ ոչ դաշինքային կարգավիճակի հայեցակարգի դանդաղ ներդնում։
Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունների վրա կազդեն նաեւ Ադրբեջանի հետ ընթացող խաղաղության եւ Թուրքիայի հետ քաղաքական կարգավորման գործընթացները։ Անվտանգության տասնամյակների վաղեմության պարադիգմը, որտեղ Հայաստանը երրորդ կողմից պահանջում էր իրեն անվտանգության երաշխիքներ տրամադրել, այլեւս իրատեսական չէ: Ռուսաստանը չի ցանկանում, կամ` ի վիճակի չէ լինել այդ երաշխավորը, իսկ արեւմտյան երկրները բավարար ներկայություն չունեն տարածաշրջանում նման դեր խաղալու համար:
Եթե Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների վերականգնումը շարունակվի (ինչպես նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի), ապա Միացյալ Նահանգները եւ ԵՄ-ն կարող են եւ պետք է կարողանան քաղաքական աջակցություն ցուցաբերել՝ դրանց տապալումը կանխելու համար:
Անշուշտ, ինչպես ցանկացած անցումային գործընթաց, ներկա իրավիճակը նույնպես չափազանց փխրուն է, եւ որեւէ կարգավորում ինքնստինքյան չի լինելու: Կասկածից վեր է, սակայն, որ գործընթացներն առաջ են գնում, ինչը պատմական հնարավորություն է ընձեռում Հայաստանին առավել հավասարակշռված եւ դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականություն ունենալու տեսանկյունից:
Պատրաստեց Բորիս Ղազարյանը