Որպեսզի ծիրանի բերքն առատ ու որակով լինի, անհրաժեշտ է գարնանից սկսած՝ (երբ ծառի հյութաշարժը սկսվում է) 10-15 օրը մեկ անգամ այգին ջրել։
Արարատի մարզի Արտաշատ խոշորացված համայնքի Նարեկ համայնքում այգիները լավ չեն ոռոգվել։ Ծիրանը տասն օրից կհասնի․ հարկավոր է գոնե հիմա ջրել, որ բերքը մանր չլինի, հյութալի լինի, ապրանքի տեսք ունենա, բայց ջուր չկա․․․ Վերջին տարիներին Գառնու ձորից ջուր են հասցրել Նարեկ, բայց դրանով գյուղի հողատարածքների միայն մի մասն է հնարավոր ոռոգել։ Հիմնական մասը մնացել է պոմպակայանների հույսին։
«Կան գյուղեր, որոնք ջրանցքից ջրելու հնարավորություն ունեն․ այդ պարագայում մարդիկ կարողանում են այգիներն ու բանջարանոցները ոռոգել, իսկ մեզ մոտ մե՛կ ջրագիծն է վնասվում, մե՛կ պոմպակայանն է վթարվում․․․ Այգիները թերի են ոռոգվում։ Հիմա հույս ունենք, որ առաջիկա երեք օրում գոնե ջուր կունենանք, բերքահավաքից առաջ կջրենք այգին, որպեսզի պտղի տեսքը նորմալ լինի, բերքն իրացվի»,-մտահոգվում է նարեկցի այգեգործ Ռոման Հովհաննիսյանը։
Այս տարի ի տարբերություն այլ գյուղերի՝ Նարեկում կարկուտը քիչ էր վնասել այգիները, այգեգործները հույս ունեին՝ լավ բերք կունենան, բայց ջուր չունեցան։
«Եթե ոռոգման ջրի խնդիրը չլիներ, ընտիր բերք կունենայինք՝ նորմալ քաշով, ավելի խոշոր ու հյութեղ։ Լավ մշակել էինք, բայց վեգետացիայի ընթացքում այգին լավ չի ջրվել, ուստի բերքատվությունն էլ ակնկալվածից ցածր կլինի, բերքի որակն էլ»,- բացատրում է այգեգործը։
Նա այս տարի նոր այգի է հիմնել։ Մարտին երկու անգամ տանից ավտոմեքենայով տարաներով ջուր է տարել, նորատունկ ծառերը դույլերով ջրել։ Բայց հսկա, պտղատու ծառերը դույլերով ջրել, բույսի ծարավը հագեցնել չի լինի․․․
Բանջարանոց մշակող Հասմիկ Բադալյանն ասում է՝ թվում էր՝ գոնե այս տեղումնառատ տարում ոռոգման ջրի խնդիր չպետք է լինի, բայց էլի՛ կա։ Եթե պտղատու ծառերը պետք է 15 օրը մեկ ջրել, ապա բանջարանոցը՝ չորս օրը մեկ։ Ոռոգման ջուր չեղավ, սածիլները չորացան։ Երբ ջուր լինի, հարկավոր է նորից սածիլ գնել։
«Բայց այսքան սպասելու դեպքում էլ բերքահավաքն ուշ ենք սկսելու։ Եթե հիմա սածիլենք, սեպտեմբերին նոր-նոր կսկսենք լոլիկի բերքահավաքը։ Իսկ եթե նորմալ ոռոգման ջուր ունենայինք, ավելի շուտ բերք կունենայինք»,- բացատրում է Հասմիկ Բադալյանը։
Արագածոտնի մարզի Աշտարակ խոշորացված համայնքի Ոսկեվազ գյուղում եւս ոռոգման ջրի խնդիր կա։ Գյուղի բնակիչ Նորիկ Հովհաննիսյանը ելակի բանջարանոց ունի։ Կաթիլային համակարգով է ոռոգում, բայց հիմնականում՝ խմելու ջրով։ Ոռոգման ջուր հազվադեպ է լինում։
«Եթե միայն ոռոգման ջրով ոռոգեինք, ապա ընդհանրապես բերք չէինք ունենա։ Այս շոգ եղանակին, երբ բերքատվության շրջանն է (մոտ մեկ ամիս) հարկավոր է ամեն օր կամ գոնե երկու օրը մեկ անգամ ջրել։ Բայց ոռոգման ջուր չունենալու պատճառով բավարար չափով չի ջրվում բույսը, բերքի որակն էլ ընկնում է»,- բացատրում է Նորիկ Հովհաննիսյանը։
Ոսկեվազցի ջերմոցագործ Վարդգես Զոհրաբյանն էլ բրոկոլի, կաղամբ, բողկ ու վարունգ է մշակում։ Ջերմոցը հիմնականում խմելու ջրով է ոռոգում։ Ոռոգման ջուր ունենալու դեպքում բերքատվությունն էլ բարձր կլիներ, եկամուտն էլ։
«Հարեւան գյուղերում եւս նմաօրինակ իրավիճակ է․ մարդիկ չարչարվում են, հող մշակում, բայց ջուր չի լինում, որ նորմալ ջրեն, լավ եկամուտ ստանան»,- ասում է Վարդգես Զոհրաբյանը։
Գյուղատնտես Հարություն Մնացականյանը վստահ է՝ մեր երկրում ոռոգման ջրի խնդիրը վատ մենեջմենթի հետ է կապված․ մակերեսային ջրային ռեսուրսներն անարդյունավետ են կառավարվում, որի արդյունքում ավելի քան 70 տոկոս ջրի կորուստ է լինում։ Պատկան մարմինները տպավորություն են ստեղծում, թե գործ են անում, բայց ոչինչ չեն անում։ Վերջին տարիներին ոռոգման համակարգում ոչինչ չի փոխվել։
«Եթե մուտք գործեք մարզային ՋՕ-երի ֆեյսբուքյան էջերը եւ նրանց կատարած աշխատանքը տեսնեք, կապշեք․ նախնադար է․ բահով առու են բացում։ Այս դարում առվագիծ անելն ու ջուր տեղափոխելը նման հետեւանքների է հանգեցնում։ Հարկավոր է ունենալ փակ խողովակաշարեր, նորմալ կառավարում»,- բացատրում է գյուղատնտեսը։
Մասնագետը վստահեցնում է՝ Հայաստանը ինքնաբավ երկիր է, ուստի հնարավոր է գյուղատնտեսական նշանակության հողերի եւ այլ նպատակների համար առատ ջրային պաշարներ ունենալ։ Բայց եղած պոմպակայաններն ու խողովակաշարերը հին են․ հարկավոր է փոխել դրանք։ Ջրի կորստից խուսափելու համար պետք է լավ խողովակներ ունենալ, ավազաններ կառուցել, վերահսկել, որ անբարեխիղճ ջրօգտագործողները ջուրը չգողանան, բայց նշված խնդիրների հետ կապված՝ աշախատանքներ առանձնապես չեն տարվում։
«Նախորդ տարի Սեւանի մակարդակն այնքան էր նվազել, որ մոտեցել էր կրիտիկական կետին։ Այս տարի այսչափ տեղունմների արդյունքում Սեւանի մակարդակը նախկին կրիտիկականից մի քիչ ավելի բարձր մակարդակի է հասել։ Ոռոգման նպատակներից զատ՝ Սեւանից ջուր է բաց թողնվում Սեւան-Հրազդան կասկադի ՀԷԿ-երի աշխատանքի համար։ Արդյունավետ կառավարման պարագայում այդ ջուրը կարելի է ոռոգման նպատակով օգտագործել ու նորմայից ավելի ջրառ չկատարել, Սեւանի մակարդակն այդպես չիջեցնել»,- եզրափավում է մասնագետը։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։