«Բնությունը հզոր է, կանի այն՝ ինչ ուզի, բայց մարդն էլ կարող է իր միջավայրն այնպիսին պահի, որ պակաս խոցելի լինի բնական արհավաիքների նկատմամբ»,-ասում է առողջապահական, բնապահպանական, գյուղատնտեսական հարցերով զբաղվող «Բիոսոֆիա» հասարակական կազմակերպության նախագահ Գեւորգ Պետրոսյանը:
Օրերս Ալավերդիում տեղի ունեցած ջրհեղեղի եւ դրա հասցրած մեծ վնասների մասին խոսելիս, նա բացի բնության քմահաճությունից, մարդու գործոնն էլ է կարեւորում: Փաստում է՝ հեռուն չենք նայում. օրվա ուղղակի վնասն ենք արձանագրում, անուղղակին էլ, որի հետեւանքը տարիներ անց ենք զգալու, անտեսում ենք: «Ճանապարհները, կամուրջները, մարդկանց տներն է քանդվել, բայց թե որքան գյուղատնտեսական հողեր են վնասվել, բերրի հողաշերտ է ոչնչացել, չենք հետաքրքրվում»:
Որ այսօր Ալավերդին է բնական արհավիրքից տուժել, չի նշանակում, որ մյուս մարզերին դա չի սպառնում: Բացի բնության ռեսուրսներն անխնա մսխելը, մարդու տնտեսական գործունեությունը նույնպես կարող է ջրհեղեղից տուժելու պատճառ դառնալ: Սեւով սպիտակի վրա գրված է, որ ջրային ավազանների եւ կանաչ գոտիների համար նախատեսված տարածքներում շինարարություն անելն արգելված է, բայց դրան նայողն ո՞վ է:
Օրինակ՝ Գյումրու Ավտոկայան եւ Ձորի մայլա կոչվող թաղամասերը հատակագծով նախատեսված են եղել որպես կանաչ գոտիներ: Այժմ այդ տարածքներն այնպիսի խտությամբ են կառուցապատված, որ մի թփի տեղ չկա, էլ ուր մնաց կանաչ գոտու: Ապօրինի կառուցապատումը մեկ օրվա գործ չէ: Տարիներ շարունակ, ով ինչ ուզել, որտեղ ցանկացել կառուցել է, որից հետո ինչ-ինչ ճանապարհներով թույլտվություն է ստացել:
Այսօր ամեն մի հորդառատ անձրեւից հետո տվյալ թաղամասերում ջրհեղեղ է լինում, մարդկանց տները լցվում: Բնապահպանը կարեւոր հարց է տալիս թե՛ թույլտվություն բաշխողներին, թե՛ ապօրինի կառուցապատողին. ինչո՞ւ քաղաքացու վճարած հարկը, որը պետք է ուղղվեր քաղաքի զարգացմանը, ամեն անգամ ծախսվի որպես փոխհատուցում: Այստեղ մեղավոր են բոլորը՝ ամենավերին օղակից սկսած մինչեւ շարքային քաղաքացին. Կառավարությունը՝ աչք փակելու, ՏԻՄ-ը՝ թույլ տալու, բնակիչն էլ հանրայնորեն չմտածելու համար:
Գեւորգ Պետրոսյանն ասում է՝ գաղտնիք չէ, որ սա գլոբալ տաքացման հետեւանքն է, որ տեղումների քանակը կանխատեսելն ավելի է դժվարացել: Նախկինում կանխատեսելի սանդղակ կար, թե որքան տեղումներ կլինեն եւ ըստ այդմ էլ կառուցված էին քաղաքների ջրահեռացման համակարգերը: Այսօր դրանք արդիականացնել է պետք, որ հորդառատ տեղումների ժամանակ ջրհեղեղներ չլինեն:
Օրիակ է բերում 2020 թվականի հուլիսի 13-ի Գյումրու աննախադեպ հորդառատ անձրեւը, որը մեկ ժամվա ընթացքում ողջ ամսվա նորման գերազանցեց 2.5 անգամ:
Բնապահպանն առաջարկում է նաեւ թեք լանջերի դարավանդում անել՝ աստիճանաձեւ գոգավորումներ տալ, որ ջուրը ոչ թե միանգամից բնակավայր հոսի, այլեւ ներծծվի գոգավոր հատվածներում՝ դանդաղեցնելով ջրի հոսքը:
Կենսաբանական գիտությունների դոկտոր Իվան Գաբրիելյանն ասում է՝ մարդը բնությանը կառավարել եւ ջրհեղեղ թույլ չտալ չի կարող, բայց պետք է պատրաստ լինել դիմակայելուն: Նա զարմանքով է փաստում. մենք ամեն ինչ անում ենք, որ բնությունը մեզ վնասի:
Առաջնային սխալներից համարում է աջուձախ ծառահատումները: Մասնագիտորեն բացատրում է. «Անտառը բնական պատնեշ է ջրի հզոր հոսքի դեմ: Լանջից հոսող ջրին արգելք են դառնում ծառերի արմատները, բները, սաղարթաշերտը»:
Գաբրիելյանը հոռետեսական չի համարում կանխատեսումը, որ ուժեղ ջրհեղեղներից շուրջ 50-100 տարի անց կարող է տվյալ տարածքը ամայանալ, քանի որ հոսքը քշել տարել է հողաշերտը, վերացրել բուսատեսակները:
Որ «մեղավորը» գլոբալ տաքացումն է եւ մարդը դրա դեմ ոչինչ անել չի կարող, կենսաբանը մասամբ է համաձայն: «Երկիր մոլորակում գլոբալ տաքացումներ միշտ են եղել, ցիկլեր կան, արեգակի պարբերական տաքացման շրջափուլեր: Մեզ ի՞նչն էր խանգարում, որ ծառահատումներ չանեինք, կամ որակյալ կամուրջներ կառուցեինք: Չէ՞ որ օրինակներ ունենք, որ բարեխիղճ եւ մասնագիտորեն ճիշտ կառուցված կամուրջները լա՛վ էլ դիմակայում են ջրհեղեղին»:
Մասնագետը մեկ կարեւոր դիտարկում էլ է անում. մեզանում համագործակցված աշխատանք չկա: Մի ոլորտի ներկայացուցիչը իր գործունեությունը ծավալելուց առաջ չի հետաքրքրվում մյուսի մասնագիտական կարծիքով: «Մենք՝ գիտաշխատողներս, աշխատում ենք գիտական ուղղությամբ, դիսերտացիաներ ենք գրում սելավների, սողանքների վերաբերյալ, «դեղատոմսեր» ենք հրամցնում համապատասխան մարմիններին, բայց դա այդպես էլ թղթի վրա է մնում: Երբ մենք ասում ենք՝ այս տեղում չի՛ կարելի լանջը կտրել, կամ ծառահատումներ անել, չենք հորինում, փաստահեն կարծիք է»,- ասում է Իվան Գաբրիելյանը:
Ալավերդու ջրհեղեղից դասեր կքաղե՞նք, ցույց կտա ժամանակը, բայց չմոռանանք, որ արհավիրքի հետեւանքը բոլորս ենք կրելու։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։