Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորած սահմանազատման հանձնաժողովների միջեւ վերջերս ձեռք բերված համաձայնությունը եւ դրա հիման վրա սահմանազատման գործընթացը եւս մեկ անգամ հաստատել է երկկողմ բանակցային գործընթացի օգտակարությունը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ հունիսի 3-ին Կովկասի հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուիս Բոնոյի հետ հանդիպման ժամանակ։
Ադրբեջանի ԱԳ նախարարության հաղորդագրության համաձայն Բայրամովը հանդիպմանը Բոնոյին մանրամասն տեղեկացրել է տարածաշրջանում առկա իրավիճակի, կարգավորման եւ խաղաղ գործընթացի ուղղությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների, ինչպես նաեւ խաղաղության օրակարգի վերջին ձեռքբերումների մասին։
Ադրբեջանի Աարտգործնախարարը նաեւ նշել է, որ խաղաղության գործընթացի արդյունավետության մասին են վկայում նաեւ 2024 թվականի մայիսի 10-11-ը Ղազախստանի Ալմա Աթա քաղաքում «կառուցողական ոգով տեղի ունեցած բանակցությունները»։