Բաքվի եւ Երեւանի միջեւ ստորագրված խաղաղության համաձայնագիրը վերջ կդնի երկարաժամկետ հակամարտությանը, ինչպես նաեւ կփոխի Ադրբեջանի եւ Հարավային Կովկասի դերը համաշխարհային մասշտաբով։
Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ այս մասին ասված է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նամակում, որն ընթերցվել է Բաքվում նախագահ Իլհամ Ալիեւի մասնակցությամբ անցկացվող Caspian Oil & Gas 29-րդ միջազգային ցուցահանդեսի եւ Caspian Energy and Green Energy 12-րդ միջազգային ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ։
Նմակում ընդգծվում է, որ Վաշինգտոնը հետաքրքրված է տարածաշրջանում կայունության ապահովմամբ եւ աջակցում է այս ուղղությամբ ներդրված ջանքերին ու հավակնություններին։
«Ցանկանում եմ իմ աջակցությունը հայտնել բոլոր այն քայլերին, որոնք կարվեն առաջիկա ամիսներին հարաբերությունների հետագա խորացման համար»,-ասվում է նամակում։
ԱՄՆ նախագահի նամակում նաեւ նշվում է, որ Ադրբեջանը Եվրոպայի էներգետիկ անվտանգության մեջ առանցքային դերակատարում ունեցող երկրներից մեկն է։
«Ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել մաքուր էներգիայի նկատմամբ Ադրբեջանի աճող ուշադրության համար։ Կասպից ծովի ներուժը կարող է հանգեցնել նրան, որ Ադրբեջանում մաքուր էներգիայի արտադրությունն ապագայում գերազանցի ավանդական էներգիայի արտադրությունը»,-ասված է նամակում։