Արեւմուտքը փորձում է մինչեւ հոկտեմբեր Վրաստանում նոր «մայդանի» սցենար իրականացնել՝ Ռուսաստանի Դաշնության սահմանների մոտ լարվածության նոր օջախ ստեղծելու համար։ Այս մասին ТАСС -ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Մենք տեսնում ենք Վրաստանում իրավիճակը սրելու արեւմտյան երկրների փորձերը հոկտեմբերին նշանակված խորհրդարանական ընտրությունների համատեքստում։ Չենք բացառում, որ նպատակը իշխանափոխության «մայդանի» սցենարն իրականացնելն է՝ Ռուսաստանի սահմանների մոտ լարվածության հերթական օջախ ստեղծելու ակնկալիքով»,-ասել է Գալուզինը։
Նրա խոսքերով ինքնիշխան երկրների վրա ճնշումներ գործադրում են ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն։
«Այս անգամ արեւմտյան կողմը որոշել է զբաղվել Վրաստանով՝ կապված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի քննարկման հետ, չնայած հենց ԱՄՆ-ում եւ աշխարհի «փոքրամասնություն» կազմող երկրներում տվյալ թեմայի շուրջ շատ ավելի խիստ նորմեր կամ արդեն առկա են, կամ դիտարկվում են»,-ասել է Գալուզինը եւ հավելել․ «Բրյուսելից եւ Վաշինգտոնից «Ժողովրդավարությունը խարխլելու», «եվրոպական» եւ «եվրաատլանտյան» արժեքներին չհամապատասխանելու կեղծավոր մեղադրանքներ են հնչել, ինչպես նաեւ անձնական պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքներ, որոնք արգելափակում են Վրաստանի «եվրաատլանտյան հեռանկարը», զրկում են նրան ԵՄ թեկնածուի կարգավիճակից եւ Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը»։
Ռուս դիվանագետի խոսքերով օրերս Լիտվայի, Էստոնիայի եւ Իսլանդիայի արտգործնախարարների Թբիլիսի կատարած այցը անկախ պետության ներքին գործերին միջամտելու ակնհայտ փորձ էր։
«Մեր կողմից մենք շահագրգռված ենք Վրաստանի կայուն ժողովրդավարական զարգացմամբ։ Միեւնույն ժամանակ, ի տարբերություն ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի, մենք չենք միջամտում ինքնիշխան պետությունների ներքին գործերին»,-եզրափակել է Գալուզինը։