Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Ռուսաստանի, Արեւելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության եւ ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերթին:
Կառավարության հայտարարության տեքստում նշվում է, որ Փաշինյանը կարեւորել է Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության հետեւողական զարգացումն ու ընդլայնումը, երկկողմ օրակարգով նախատեսված միջոցառումների արդյունավետ իրականացումը:
Վարչապետը նաեւ ընդգծել է ոչ միայն քաղաքական, այլեւ տնտեսական, տեխնոլոգիական, զբոսաշրջության ոլորտներում կապերի զարգացման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ կարեւորել ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումն ու ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը:
Միխայիլ Զիբերթն էլ իր հերթին շեշտել է Հայաստանի հետ համագործակցության զարգացման ուղղությամբ ԵՄ հանձնառությունն ու պատրաստակամությունը: Նրա խոսքով՝ ԵՄ-ն շարունակելու է ակտիվորեն նպաստել Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնման օրակարգի լիարժեք իրացմանն ու կյանքի կոչմանը:
Դիվանագետը ԵՄ անունից զորակցություն է փոխանցել Հայաստանի Լոռու եւ Տավուշի մարզերում տեղի ունեցած հեղեղումների հետեւանքով զոհերի կապակցությամբ, նաեւ պատրաստակամություն հայտնել՝ ցուցաբերել անհրաժեշտ օժանդակություն վերականգնողական աշխատանքներում:
Զրուցակիցները քննարկել են նաեւ Հայաստան-Եվրամիություն գործընկերությանը, Արեւելյան գործընկերության ծրագրին, տարածաշրջանային անվտանգությանը, այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր: