Մեկ-երկու օրից Ալավերդու Սանահին կայարան թաղամասի երկու հատվածները պարանային անցուդարձից կանցնեն հետիոտնայինի։ Այստեղ արդեն երկրորդ ժամանակավոր կամրջի կառուցման աշխատանքներն են ընթանում։ Վերականգնվում է փլուզված կամրջին զուգահեռ ճոճվող կամուրջը, որը տասնամյակներ շարունակ չի գործել։
Մյուս ճոճվող կամուրջը, որ չափերով ավելի փոքր է եւ թաղամասի սկնզբնամասում է գտնվում, կծառայի միայն գետի մյուս ափին ապրող մեկ ընտանիքի։ Մինչդեռ օրեր առաջ այն վերականգնելիս համայնքապետարանը նպատակ ուներ Սանահին կայարանի մեկուսացած հատվածի բնակիչների անցուդարձը այդ կամրջով ու լեռնային կածանով ապահովել։
Մինչեւ թաղամասի երկու հատվածների միջեւ հետիոտնային կապի վերականգնումը Սանահին կայարանում 130 մարդ ոչ սովորական առօրյայով է ապրում։ Առավել համարձակներն ամեն օր պարանով են աշխատանքի գնում եւ վերադառնում, ոմանք էլ ամսվա վերջ-սկիզբ հատվածով պայմանավորված են ստիպված բանկեր շտապում՝ կրկին պարանով։ Մյուսները սպասում են։
«Մարդիկ անհամբեր սպասում են կամրջին, իրականում հացի խնդիր չկա, բայց ճնշվածություն կա, տեղաշարժը սահմանափակված ա։ Կամուրջը սարքելուց հետո այլ խնդիր ա առաջանալու, արդեն ուզելու են ավտոյով գործի գնան-գան։ Մի քանի հոգի, ովքեր համարձակություն ունեն, պարանով են անցնում, գնում գործի։ Ոմանց սնունդն էնքան չի պետք, ինչքան կապը մյուս կողմի հետ»,- ասում է Սանահին կայարանի բնակիչ Ռոման Դավթյանը։
Այս օրերին ոչ սովորական է նաեւ փրկարարների աշխատանքը։ Ջրհեղեղի հենց առաջին օրը, այլընտրանքի բացակայության պայմաններում, նրանք պարանով հղի կնոջ են տեղափոխել, դրանից օրեր անց՝ երկու դի (գերեզմանոցը գետի մյուս կողմում է), հետո՝ մուլտհերոսների, որ մեկուսացած հատվածում հունիսի մեկ տոնեն։
Համայնքի տարբեր հաստատություններում աշխատող մի քանի մասնագետներ էլ կամրջի փլուզման հետեւանքով աշխատանքի չեն գնում։ Իրենց գործը նրանք տեղում են անում։
«Առաջին օրը մարդիկ դժվար էին ընկալում, թե ինչ է կատարվում։ Հուսահատ էին, հետո ագրեսիվ դարձան։ Հիմա ընտելացել են իրավիճակին ու շատ են օգնում մեկը մյուսին։ Էս պահին ոչ մի բանի կարիք չկա, ջուր, լույս չկա, բայց խողովակով ջուր են քաշել թաղամաս, էդտեղից օգտվում ենք։ Դժգոհություններ համարյա չկան։ Իսկ էրեխեքը դրսում շատացել են, ինտերնետ չկա, բակային խաղեր են խաղում, հարեւանները սկսել են շփվել իրար հետ», — աղետի «լավ» ու վատ կողմերն է ներկայացնում մանկավարժ-հոգեբան Զարինե Խաչիկյանը։
Հետիոտնային կամրջով արդեն վեց օր մայրուղուն կապված Ախթալայում մեկուսացած լինելու խնդիրը հաղթահարել են։ Խանութներում որեւէ ապրանքի դեֆիցիտ չկա։ Կամրջի մի կողմում մատակարարների, մյուս կողմում տեղի խանութպանների մեքենաներն են կայանում։ Ապրանքներով լի արկղերը տեղափոխում են ձեռքով։
Քաղաքում ներքին տեղաշարժի խնդիր կա միայն։
«Վառելիքի խնդիր ունենք, որովհետեւ քաղաքի տարածքում լցակայաններ չկան։ Մեքենա ունեցողները ստիպված պետք է ոտքով անցնեն կամուրջը, մայրուղու տարբեր հատվածնրում գտնվող լցակայաններից բենզին գնեն և նորից քաղաք վերադառնան, որ կարողանան գոնե քաղաքի մեջ մեքենայով տեղաշարժվել»,- «Ալիք Մեդիա»-ին հայտնեց Ախթալայի բնակիչ Սասուն Վարդումյանը։
Հետիոտնային կամուրջն այս պահին բավարար է, որպեսզի կյանքը քաղաքում կաթվածահար չլինի։ Սակայն, ըստ Սասուն Վարդումյանի, հիմնական կամրջի վերագործարկումն էլ շուտով հրատապ կդառնա։ Քաղաքում գործող միակ խոշոր ձեռնարկությունը՝ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատը, հումքի արտահանման եւ ներկրման խնդրի առաջ կկանգնի, ինչն էլ կբերի գործունեության ժամանակավոր դադարի։
Կոմբինատում 450-500 մարդ է աշխատում, որից մոտ 200-ը Ախթալայից են, մյուսները՝ հարակից Շամլուղ, Ճոճկան, Այրում, Նեղոց բնակավայրերից։
Ախթալայում ժամանակավոր կամուրջ է կառուցվում նաեւ թեթեւ մարդատարների համար։ Աշխատանքները երեկ են մեկնարկել։ Աղետից ամենաշատը տուժած Քարկոփն էլ երեկվանից ժամանակավոր հետիոտնային կամրջով կապվել է մայրուղուն։
Ախթալա, Շամլուղ, Քարկոփ, Ճոճկան, Մեծ Այրում եւ Փոքր Այրում բնակավայրերում ապրողներն այս օրերին նաեւ Ալավերդու հետ կապի խնդիր չեն ունենա։ Այս մասին հունիսի 3-ի ասուլիսում լրագրողներին հայտնեց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Հունիսի 4-ից գործում է տրանսպորտային նոր համակարգ։ Նշված վայրերի բնակիչները միկրոավտոբուսով հասնում են Ախթալայի հետիոտնային կամրջի մոտ, որի մյուս կողմում՝ մայրուղու վրա սպասող միկրոավտոբուսը նրանց տեղափոխում է Ալավերդի։ Հետադարձով եւ անվճար։
Ջրհեղեղի հետեւանքով Լոռիում եւ Տավուշում ամբողջովին կամ մասնակի փլուզված կամուրջների թիվն արդեն 20-ի հասել։ Գույքագրման աշխատանքները շարունակվում են, ժամանակավոր կամուրջներ կառուցելը դառնում առավել հրատապ։
«Տարբեր գործընկերների հետ ենք աշխատում ժամանակվոր կամուրջների հետ կապված, որոնք, եթե նույնիսկ բոլոր մեքենաների համար անցանելի չլինեն, գոնե թեթեւ մարդատարները կարողանան անցնել, շատ հարցեր կհեշտանան։ Եթե գործընկեր երկրներում գտնենք այլ՝ հավաքովի ժամանակավոր կամուրջներ, գործը բավականին կհեշտանա, կտեղափոխենք եւ էստեղ կհավաքենք։ Եթե չլինի, տեղի ուժերով կորոշենք, ինչպես ունենալ ժամանակավոր կամուրջներ»,- նշեց Գնել Սանոսյանը։
Փլուզված կամուրջներից ամենախնդրայինը, ըստ նախարարի, Հոբարձիի, Սանահինի, Ախթալայի, Քարկոփի, Այրումի, Շնողի եւ Խաշթառակի կամուրջներն են, որոց փլուզման հետեւանքով կապի լուրջ խնդիրներ են ստեղծվել։
«Արդեն պարզ է, որ Սանահինի դեպքում նոր կամուրջ է պետք կառուցել։ Մի քանի անգամ մասնագետներ են եկել, մեր բոլոր վնասված, քանդված կամուրջները նախանշված են, որոշակի չափումներ, գեոդեզիական աշխատանք կա անելու։ Որոշ հատվածներում հնարավոր է կամուրջների տեղերը փոխվեն, եթե տարածքը այդպիսի հնարավորություն ունենա։ Որոշ դեպքերում էլ դրանց կառուցվածքը, բարձրությունը կփոխենք»,- ասաց նախարար Սանոսյանը։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։