Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ:
Հայկական կողմի փոխանցմամբ զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆինլանդիա հարաբերությունների հետագա զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: Կողմերը կարեւորել են տնտեսական փոխգործակցության ընդլայնումը:
Նշվում է, որ ՀՀ վարչապետը եւ Ֆինլանդիայի նախագահը անդրադարձ են կատարել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորացմանը, Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին, ինչպես նաեւ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին եւ տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի:
Ստուբն էլ X-ի իր էջում գրել է, որ ի թիվս այլ հարցերի Փաշինյանի հետ քննարկել է հունիսի 15-16-ը Շվեցարիայի Բյուրգենստոկում սպասվող Ուկրաինայի խաղաղության գագաթնաժողովին առնչվող հարցեր։
«Լավ զրույց եմ ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Մենք քննարկել ենք, մասնավորապես, Հարավային Կովկասի տարածաշրջանային դինամիկան, ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի առաջիկա նախագահությունը եւ մեր երկրների երկկողմ հարաբերությունները։ Մտքեր փոխանակեցինք նաեւ Շվեյցարիայում կայանալիք Ուկրաինայի խաղաղության գագաթնաժողովի վերաբերյալ»,-գրել Ֆինլանդիայի նախագահը։