Մենք միշտ եղել ենք երկընտրանքի մեջ՝ երբ գնալ զիջումների կամ փոխզիջումների, կամ երբ պետք է դիմել պայքարի։
Մենք միշտ բաց ենք թողել պահի հրամայականները։ Այդ խնդիրն ակնառու է եղել մեծ տերությունների շահերի ընկալման հարցում։
Այսօր տարածաշրջանում ազդեցության պայքար է։ Ռուսաստանն այնքան է հեռացել, որ մեծացել է Թուրքիայի դերը, եւ թափ է հավաքում Իրանը, սակայն նա չի կորցրել իր բոլոր խաղաքարտերը՝ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով։
Այն ժամանակ Ռուսաստանի քայլերի վերջնակետը հետկայսերական տարածաշրջանում կախված էր կարմիրների ու սպիտակների պայքարի հանգուցալուծումից, այսօր՝ Ուկրաինայից։
Ամբողջ մեր քառամյա ողբերգությունը կարելի է կապել նրա հետ, որ Հայաստանի էլիտաների հիմնական մասը չհասկացավ (կամ այդպես ցույց տվեց), որ Ռուսաստանին նպատակահարմար չէ մտնել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հակամարտության մեջ։
Դրա համար էլ 2000-ականների վերջերից Ռուսաստանն իր առանձին նախաձեռնություններով եւ պահանջներով, Մինսկի խմբի մյուս համանախագահող երկրների հետ համագործկացությամբ, ճնշում էր Հայաստանին խնդրի լուծման գնալու համար։
Բայց մեզ մոտ Վազգեն Սարգսյանի հայֆիդայական ռոմանտիկ ոչմիթիզականությունը հաղթեց Լեւոն Տեր-Պետրոսյանի հաշվարկված պրագմատիզմին։
Հիմա ո’չ առաջին, ո’չ էլ երկրորդ մոտեցումների հեղինակները իշխանության չեն եւ գերիշխում է Փաշինյանի անտրամաբանական պացիֆիզմը։
ՀՀ իշխանությունները կամա թե ակամա այսօր խզում են Ռուսաստանի հետ համագործակցության որոշ ձեւաչափեր եւ տանում են դեպի անընդունելի խոսույթ, միջամտում են այնպիսի խնդիրների, որոնք կապ չունեն Հայաստանի հետ։
Սակայն գլխավոր կարմիր գծերը չեն հատվում՝ առեւտրատնտեսական հարաբերությունները պահպանվում են, Ռուսաստանն իր ռազմական ներկայությունը պահպանում է Հայաստանում։
Դա կապված է աշխարհաքաղաքական տեղաշարժերի հետ։ Եթե Ռուսաստանը ծանր պարտություն կրի, այդ կարմիր գծերը եւս հատվելու են, սակայն Փաշինյանը դեռ հետքայլի տեղ է թողնում։
Իսկ Ռուսաստանը դեռեւս չի միջամտում հայ-ադրբեջանական վիճահարույց հարցերի լուծմանը, որպեսզի հետագայում զերծ մնա իր ուղղությամբ նոր հակառուսական ալիքից եւ այն ուղղի դեպի արեւմուտք։
Ուստի ժամանակն իրենն ասելու է, բայց մի բան պետք է լավ հասկանալ, չկա այս պահին արտաքին դերակատար, որը կուզեր Հայաստանում իշխանություն փոխվի՝ Մոսկվան նույնպես։
Մոսկվան իր մեծ դերակատարումը ունեցել է 2018-ին, իսկ Նիկոլ Փաշինյանը ՀՀ պատմության մեջ նրանց համար ամենահարմար ղեկավարն է։
ՀՀ ղեկավարության «ինքնիշխանական» թեզերի մերկության վառ օրինակ կարելի է համարել այն, որ նրանք դեմ չեն հայ-իրանական սահմանին ռուս սահմանապահների մնալուն, սակայն խնդիր ունեն ՌԴ ԱԴԾ-ի կողմից կոմունիկացիաների հսկողության հետ։
Ամենատարօրինակը այն է, որ կարծես չեն վախենում Ռուսաստանի հետ թշնամանալուց, բայց Թուրքիայից եւ Ադրբեջանից եկող վտանգը նրանց համար անթույլատրելի է։
Արմեն Մկրտչյան