ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան իր 78-րդ նստաշրջանում 17-րդ անգամ ընդունել է բանաձեւ, որը ճանաչում է բոլոր փախստականների եւ ներքին տեղահանվածների (ՆՏԱ) Աբխազիա եւ Հարավային Օսիա վերադառնալու իրավունքը։ Այս տարի փաստաթղթին աջակցել է 103 երկիր՝ սա Վրաստանին ամենամեծ աջակցությունն է 2008 թվականից ի վեր, երբ բանաձեւն առաջին անգամ ներկայացվել էր Գլխավոր ասամբլեա։
Բանաձեւին կողմ քվեարկած երկրների շարքում առաջին անգամ եղել է նաեւ Հայաստանը։ Երեւանը մի քանի տարի շարունակ ձեռնպահ էր մնացել, իսկ ավելի վաղ նույնիսկ դեմ քվերակել։ Կողմ են քվեարկել նաեւ Ադրբեջանն ու Ուկրաինան։
Դեմ քվեարկած երկրներտ ինն էին․ Ռուսաստանը, Սիրիան, Նիկարագուան, Զիմբաբվեն, Բուրունդին, Բելառուսը, Կուբան, Հյուսիսային Կորեան եւ Մալին։ Ձեռնպահ է մնացել 53 երկիր։
2023 թվականին բանաձեւին աջակցել էր 100 երկիր, իննը՝ դեմ, իսկ 59-ը ձեռնպահ են քվերակել, այդ թվում եւ Հայաստանը։
Վրաստանի ԱԳՆ-ն նշել է, որ «վերջին տարիներին նշված բանաձեւն արդեն դարձել է համաշխարհային նախաձեռնություն»։
Փաստաթղթի քննարկման ժամանակ հունիսի 4-ին աջակցության հայտարարություններ են արել Եվրամիությունը, Մեծ Բրիտանիան, Լիտվան (Բալթյան եւ Հյուսիսային Եվրոպայի երկրների անունից), Ուկրաինան, Ճապոնիան եւ Ավստրալիան (Կանադայի եւ Նոր Զելանդիայի անունից):
«Այն, որ այս անգամ Վրաստանը կարողացավ ոչ միայն պահպանել, այլեւ ավելացնել բանաձեւի աջակցության տարեկան դինամիկան, պետք է համարել վրացական դիվանագիտության մեծ հաջողություն»,-ասվում է Վրաստանի ԱԳՆ հայտարարության տեքստում։
Գերատեսչությունը նաեւ շնորհակալություն է հայտնում բոլոր այն պետություններին, որոնք աջակցել են բանաձեւին եւ դարձել են նախաձեռնության համահեղինակներ։ «Նշված որոշմամբ յուրաքանչյուր երկիր եւս մեկ անգամ աջակցեց ներքին տեղահանվածների եւ փախստականների վերադարձի իրավունքին եւ աջակցություն հայտնեց յուրաքանչյուր տեղահանվածի»,-ասվում է հայտարարության տեքստում։