«Աղետի մասին իմանալուց հետո ես ու ընկերներս միանգամից գնացինք կամավորական աշխատանք կատարելու։ Ես Ալավերդիում եմ ապրում, մեր տունը չի վնասվել, միայն ճանապարհն է վնասված, ուստի այլ ճանապարհով ենք երթեւեկում։ Այդուհանդերձ, կարծում եմ՝ ջրհեղեղը բոլորիս է վնաս հասցրել, խնդիրները բոլորինս են։ Միասին, ձեռք ձեռքի տված՝ պիտի օգնենք աղետից տուժածներին»,- ասում է «ՀԵԲԱ» ՀԿ անդամ, «Վորլդ Վիժն Հայաստան»-ում աշխատող Նոնա Խաչատրյանը։
Առաջին մի քանի օրվա ընթացքում կամավորները հիմնականում մաքրման աշխատանքներ են կատարել։ Հընթացս բարերարները սկսել են կամավորական խմբերին գումար փոխանցել, որպեսզի վերջիններս աղետի գոտու բնակիչների համար անհրաժեշտ պարագաներ գնեն։ Կամավորներն այժմ գնումներ են կատարում, բաժանում բնակիչներին։ Կատարվող աշխատանքների հաշվետվողականությունն ապահովելու նպատակով փոխանցված գումարների անդորրագրերը, կատարած գնումների ՀԴՄ-ները հրապարակվում են կամավորների ֆեյսբուքյան էջերում։
Կամավորների աշխատանքները համայնքապետը համակարգում է, բայց այն խումբը, որտեղ Նոնան է աշխատում, չի համակարգվում, քանի որ նրանք գիտեն՝ բնակիչներին ինչի կարիք ունեն, ուստի կազմակերպված եւ արդյունավետ են աշխատում։
«ՀԵԲԱ» ՀԿ-ի կազմում կան նաեւ հոգեբաններ, սոցիալական աշատողներ, որոնք մաքրման աշխատանքներ կատարելուց զատ՝ նաեւ մասնագիտական օգնություն են ցուցաբերում աղետի գոտու բնակիչներին։ Հատկապես երեխաների շրջանում շատերը հոգեբանական օգնության կարիք ունեն։ Ոմանք նույնիսկ դժվարությամբ են քնում կամ մղձավանջներ են տեսնում։ «ՀԵԲԱ» ՀԿ-ն նախագահ Մարիաննա Պեպանյանն ասում է՝ հոգեբանական խնդիրներ ունեցողներին հարկավոր է հե՛նց այս փուլում օգնել, աշխատել նրանց հետ, որպեսզի այդ խնդիրները հետագայում ավելի չխորանան։
«Այս օրերին մաքրման աշխատանքներ կատարելու կարիք այնքան չկա, ինչպես սկզբի օրերին։ Հիմա առավելապես կազմակերպչական աշխատանքներով ենք զբաղված։ Կան բազմաթիվ բարեարներ, որոնք հագուստ, կենցաղային պարագաներ ու դեղորայք են ուղարկել աղետի գոտու բնակիչներին։ Օրինակ՝ հենց այսօր այդ իրերն էինք բաժանում քարկոփցիներին»,- մանրամասնում է Մարիաննա Պեպանյանը։
Աղետից տուժածներին ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցներն ու կամավորներն օգնում են ձեռք ձեռքի տված։ Նույնիսկ այլազգի մարդիկ՝ հիմնականում հնդիկներ, աղետի գոտում մաքրման աշխատանքներ են կատարում։
Լոռու մարզի Մեծ Այրում գյուղի պատմության եւ հասարակագիտության ուսուցիչ Գարիկ Մկրտչյանը եւս ներգրավված է կամավորական աշխատանքներում։ Իրենց ուսուցչին միացել նաեւ որոշ աշակարտներ։
«Հիմա մարդիկ հոգուստի, կենցաղային պարագաների կարիք ունեն։ Մենք կարիքի գնահատում ենք անում, ապա անհրաժեշտ իրեր բաժանում մարդկանց։ Անշուշտ, մաքրման աշխատանքներ կատարելու կարիք էլ կա, նաեւ դրանք ենք անում։ Մինչեւ հիմա տարբեր խմբեր են ժամանում աղետի գոտի՝ մարդկանց օգնելու։ Միասին համակարգված աշխատում ենք»,- պատմում է Գարիկ Մկրտչյանը։
Հակամարտություններ լուսաբանող լրագրող Շուշանիկ Փափազյանը 2020 թվականից տարբեր կամավորական աշխատանքներ է կատարում։ Երեւանաբնակ Շուշանիկը ոչ միայն վավերագրում է, այլեւ մարդկանց օգնում։ Հայկական կարմիր խաչի ընկերության եւ «Ողջ մնալու արվեստ» ռազմահայրենասիրական կազմակերպության անդամների հետ կամավորական աշխատանքներ է կատարում․ հագուստ, ուտելիք է հասցնում բնակիչներին։ Անշուշտ, նաեւ մաքրման աշխատանքներ է կատարում։
«Շատ դրվագներ եմ տեսել, որոնք ազդու են եղել։ Մարդիկ տխուր նայում են իրենց տանը, լաց լինելով մաքրում ցեխոտ տներն ու խանութները։ Հուզական ու տպավորիչ տեսարաններ կան։ Ոմանք էլ ամեն ինչ կորցրել են։ Աղետի գոտում չեղած մարդկանցից շատերը չեն էլ պատկերացնում դրա իրական ծավալները։ Ջրհեղեղն, իսկապես մեծ մնասներ է հասցրել մարդկանց»,- եզրափակում է Շուշանիկ Փափազյանը։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։