Վայոցձորցի Հարություն Հարությունյանը տան բակում գտնվող լոգարան մտնելիս հագուստը, կոշիկները թողել է, դուրս գալիս դրանք գտել քրքրված։ Վերնաշեն գյուղի բնակիչն արդեն համակերպված ասում է՝ արջն իր ոճով է ձեւափոխել հագուստը, ինչ արած:
Վայոց ձորի այս եւ շատ այլ գյուղերում արջերը մշտական հյուր են: Բնակիչները կեսկատակ-կեսլուրջ ասում են՝ արդեն կարող են արջերին բարեւել, հարցուփորձ անել, այնքան հաճախ են հանդիպում: Միայն թե կատակը կես րոպե է տեւում. իրավիճակն իրականում վտանգավոր է:
Մեր զրուցակիցն ասում է՝ վերջին 5-6 տարում են գորշ կենդանիներն ակտիվացել: «Մինչ այդ, իհարկե, կային, լսում էինք դրանց մասին, բայց հիմա շատ հաճախ ենք տեսնում»:
Եթե որոշ ժամանակ առաջ վայրի կենդանիները բավարարվում էին դաշտերում կեր գտնելով, հիմա արդեն տնամերձ այգիներն էլ իրենց «սրտով չեն». տներ են մտնում: Օրեր առաջ էլ արջը մտել էր Վերնաշենի բնակիչներից մեկի տուն: Հազիվ են կարողացել դուրս հանել՝ առանց վնասելու:
Արջը քոթոթների հետ գալիս է, վնասում պտղատու ծառերը, ընտանի կենդանիներին, ջարդում մեղվի փեթակները: Մի օր մեկի ճագարներն են ոչնչացվում, հաջորդ օրը՝ մյուսի հավերը, երրորդ օրը՝ մեկ այլ գյուղացու ծառերը: Արջը ոչ մի ընտանիքի «աչքաթող» չի անում:
«Մի քանի օր առաջ մտել է մեր մառան, օղու համար նախատեսված երկու հատ 200-լիտրանոց հումքը թափել է, մի մասը կերել, գնացել»,-ասում է Հարություն Հարությունյանը:
Գյուղացիները վարչական ղեկավարին են դիմում, բայց նա ի՞նչ կարող է անել․ նույն արջն իրենց տանն էլ է վնասներ հասցնում։ 911 համարին օրական տասնյակ զանգեր են լինում արջերի վնասների մասին։
Վերնաշենցի Հայկուհի Առաքելյանը խնդրի մասին բազմիցս բարձրաձայնել է. ապարդյուն: Գորշ արջերն իրենց այգու մշտական հյուրերն են: «Տարվա կեսը մեր այգում են անցկացնում, վախենամ՝ արդեն բույն են դրել: Մեր բերքը մեզնից շատ իրենք են տեսնում, իրենք են օգտվում»,-ասում է Հայկուհին:
Երբ հերթական այցի ժամանակ արջը ջարդել է ընտանիքի մեղվի փեթակները, հայրը փորձել է ուղղել դրանք: Մեղուների հարձակման պատճառով հիվանդանոց է տեղափոխվել: Այդ ժամանակ Հայկուհին համայնքապետարան կամ մարզպետարան դիմելով չի սահմանափակվել: Բողոքը հասել է մինչեւ Շրջակա միջավայրի նախարարություն եւ Ընդերքի տեսչական մարմին:
«Եկան ասացին՝ եթե արջին վնասեիք, տուգանվելու էիք: Ասում եմ՝ ձեզ կանչել ենք, որ լուծում առաջարկեք: Արձագանքեցին, որ տեղյակ են խնդրի մասին, դեռ քննարկում են: Մարդիկ էլ, ինչպես իրենք են ասում, «տուգանքի մատերիալ են»: Բնակիչն ինքնապաշտպանության նպատակով արջին վնասում ու տուգանվում է, իսկ մարդուն վնասելու համար կենդանուն ինչպե՞ս են տուգանելու, ո՞րն է տրամաբանությունը»,- ասում է Հայկուհին:
Գորշ կենդանին նաեւ որոշ բիզնես գաղափարների իրագործմանն է դեմ: Հայկուհին իրենց այգում որոշել է վրանային զբոսաշրջության ծրագիր անցկացնել: Անհրաժեշտ հարթակներն ու լուսավորության միջոցները տեղադրել են, բայց քանի որ չգիտեն՝ արջն ինչ վնասներ կարող է հասցնել, թողել է անավարտ: Կենդանին հասցրել է թե՛ հարթակները վնասել, թե՛ մալուխները:
Բնակիչները նշում են՝ կենդանիների հետ խնդիր չունեն, կարեւորում են նրանց պաշտպանությունը, բայց լուծումներ են պետք, որ համակեցությունը հնարավոր լինի:
«Բնական է՝ կերի խնդիր կա, որ ստիպված բնակավայրեր են հասնում: Պետությունը պետք է մտածի՝ ինչ անել, որ այդ խնդիրը լուծվի: Գուցե դաշտերում կերի ապահովման որեւէ տարբերակ են գտնում կամ այլ բան: Վայրի բնության ու մարդկանց սահմանները հատվել են, սկսել են նույն առօրյան կիսել»,-ասում է Հայկուհին:
Բնակիչները տարբեր միջոցների են դիմում՝ վայրի կենդանիներին տներից ու այգիներից հեռու պահելու համար: Է՛լ ռադիոյի բարձր ձայն, է՛լ ուժեղ լուսավորություն, է՛լ ծուխ. ոչինչ չի օգնում։
Վայրի բնության պաշտպանության հիմնադրամը եւ այլ կազմակերպություններ մարզի տարբեր գյուղերում բնակիչներին «էլեկտրական հովիվներ» են տրամադրում: 100-տոկոսանոց պաշտպանություն չէ, բայց գոնե մեղմում է իրավիճակը: Միայն թե դրանցից օգտվելու հնարավորություն ոչ բոլորն ունեն:
Վայոցձորցիները հուսով են՝ պատկան մարմիններում տարիներ տեւող քննարկումները վերջապես կավարտվեն, ու հարցը լուծում կստանա։ Այնպիսի լուծում, որ ե՛ւ մարդիկ չվնասվեն, ե՛ւ կենդանիները ողջ մնան:
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: