Որքան էլ տարօրինակ հնչի, կապիտուլյացիան Հայաստանում դարձել է ապրելակերպ, առօրյա, գործելու հարմարավետ միջավայր ու աշխարհայացք։ Ըստ ամենայնի տիրապետող է այն մտայնությունը, թե դա էլ ստատուս քվոյի մի տարակերպ է, որի պայմաններում կարելի է կյանքը շարունակել։
Արդի իրավիճակը հիշեցնում է 1998-2020 թվականները։ Այն ժամանակ էլ մարդիկ ապրում էին ստատուս քվոյի պայմաններում՝ մերժելով փոփոխության, երկխոսության եւ հակամարտության կարգավորման ցանկացած հեռանկար։ Գերակայող էր դոգմատիկ այն համոզմունքը, թե հավերժ կարելի է ապրել չկարգավորված հակամարտությամբ, պատերազմի եւ խաղաղության միջեւ ընկած ինչ-որ չեզոք, անտեսանելի տարածությունում։
1998-2020-ին խաղաղությունը մերժելի հասկացություն էր։ Այդ դիրքերից հանդես եկող մարդկանց ծաղրում էին ու հայհոյում։ Ավելի շուտ համակարգն ուներ խաղաղության իր սեփական բանաձեւը, որն էր՝ Ադրբեջանի հարատեւ պարտությունը։
Իսկ հիմա ծաղրի եւ հայհոյանքի առարկա են դարձել պայքարն ու դիմադրությունը։ Ի հայտ է եկել խաղաղության մի նոր բանաձեւ՝ Հայաստանի հավերժական կապիտուլյացիան, որից հնարավոր չէ փախչել։ Ինչպես մի առիթով Լիլիթ Բլեյանն է ասել, 2020 թվականի նոյեմբերի 9-ի գիշերը ոչ մի կերպ չի ավարտվում։
Ես այն մարդկանցից չեմ, որոնք ազգայնական դեմոկրատիայի դիրքերից ժողովրդի գիտակցությանը, կամքին եւ ոգուն առնչվող հույսեր են փայփայում։ Յակոբինյան գաղափարներով տարված մարդկային զանգվածները մի գիշերվա ընթացքում կարող են ռոյալիստ դառնալ ու ծափահարել Փարիզ ներխուժած օկուպանտներին։ Զանգվածները չեն կարող սկզբունքային լինել որպես հավաքականություն։ Այդպես չի լինում։
Խնդիրը հայ քաղաքական միտքն է, որն ավանդույթի ուժով նորից քարացած եւ անկենդան պատկերներ է փնտրում։ Մի մասը փորձում է վերադառնալ 2017, վերականգնել հին ստատուս քվոն, մյուս մասն էլ՝ ձգտում է հարմարվել ու սպասարկել կապիտուլյացիայի ձեւավորած անփոփոխ իրականությանը։
Այսինքն հայ քաղաքական մտքի որոնածը ո՛չ խաղաղություն է, ո՛չ էլ պատերազմ։ Մարդիկ ընդամենը ուզում են մի իրականություն, որտեղ որոշում կայացնելու, գործելու, մտածելու, աշխատելու, չարչարվելու անհրաժեշտություն չկա։ Ընդամենը քարացած տարածություն, որտեղ հայ մարդը կկարողանա ապրել հանգիստ, անշառ, սոցիալական արդարության պատրանքներով, ազատ, իր ռազմահայրենասիրական կենացներով ու պատմական միֆերով։
Թերեւս հենց այս պատճառով է, որ իշխանությունն ու հատկապես «լատենտ նիկոլականները» դիվոտում եւ սարսափում են նույնիսկ այլընտրանքի ձեւավորման հնարավորությունից, ընդդիմադիրներն էլ՝ այլընտրանք ասելով, ընդամենը նկատի ունեն մեր «փառահեղ» անցյալը։ Պարզապես երկու խմբերն էլ փորձում են պահել ու փայփայել իրենց քարացած իրականությունները՝ հաղթանակի եւ կապիտուլյացիայի ստատուս քվոները։
Աշխարհում եւ տարածաշրջանում տեղի ունեցող սրընթաց փոփոխությունների, վերադասավորումների համատեքստում այս մոտեցումները Հայաստանին եւ հայ ժողովրդին կանգնեցնելու են նոր աղետի առջեւ։ 1998 -2020 թվականներին հայ քաղաքական միտքը, պարփակվելով իր կարծրատիպերի եւ մտայնությունների մեջ, չնկատելու էր տալիս շրջապատող իրականությունը եւ այնտեղ տեղի ունեցող զարգացումները։ Հիմա էլ են կուրացած եւ խլացած՝ կարծելով, թե Ադրբեջանի պահանջների բավարարումը գլուխներն ազատելու է ցնցումներից եւ մարտահրավերներից։
Ղարաբաղյան հակամարտությունը Հայաստանին գործոն էր դարձնում միջազգային հարաբերություններում։ Ցավոք, ռեսուրսներից զուրկ եւ ոչ այնքան ինքնաբավ այս երկիրն այլ հետաքրքրություն չէր ներկայացնում աշխարհի համար։ Բայց վախկոտությունն ու ապաշնորհությունը թույլ չտվեց մեզ այդ կոնֆլիկտը ծառայեցնել նաեւ մեր շահերին ու հետաքրքրություններին։
2018 թվականին իշխանության եկած արկածախնդիրների խմբակը հակամարտությունը կարգավորելու փոխարեն շարժվեց դրանից ամեն կերպ հրաժարվելու, չեզոքացնելու եւ ոչնչացնելու ճանապարհով։ Արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, երբ Հայաստանն այլեւս ոչինչ չունի տալու աշխարհին։ Նրա միակ գործառույթը Ալիեւին միակողմանի զիջումներ անելն է, ինչը ներկայում բխում է ինչպես Արեւմուտքի, այնպես էլ Ռուսաստանի շահերից։
Այսինքն Հայաստանը կորցրել է գործելու եւ գոյություն ունենալու իր իմաստը միջազգային հարաբերություններում եւ շուտով կարող է փոխակերպվել անպետք ու մոռացված տարածության, որը կամ պետք է սպանվի կամ էլ ինքնասպանություն գործի։ Նրա մասին կհիշեն միայն այն ժամանակ, երբ անհրաժեշտ կլինի կսմթել Ռուսաստանին՝ հայ ժողովրդին քնեցնելով կեղծ ինքնիշխանության ու բովանդակազուրկ անկախության մատրիցայի մեջ։
Իմ համոզմամբ Հայաստանի Հանրապետությունը կարող է կենսունակ լինել միայն այն դեպքում, երբ տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում, հայտ ներկայացնի՝ ճշգրտելով եւ ամրապնդելով իր դիրքերը։ Խոսքն ամենեւին էլ կոնֆլիկտի վերականգնման եւ Ադրբեջանի հետ նոր պատերազմի հրահրման մասին չէ։
Ես վճռականորեն մերժում եմ Բագրատ սրբազանի «Կիրանցով Արցախ» կարգախոսը։ Բայց նաեւ հրաժարվում եմ ապրել Ադրբեջանի ճորտը դառնալու փաշինյանական քաղաքականությամբ։ Հայաստանը վերականգնվելու եւ իր գոյությունը իմաստավորելու ընդամենը մի տարբերակ ունի, որն է՝ դառնալ Ադրբեջանի քաղաքական ու տնտեսական մրցակիցը այս տարածաշրջանում՝ զսպելով Բաքվի հեգեմոն նկրտումներն ու ձգտումները։
Հայաստանում երբեք լուրջ հակաթուրքականություն չի եղել։ Սովետական ազգայնականության այդ ժառանգությունն արդեն վաղուց մաշվել է՝ փոխակերպվելով ապաքաղաքական ձեռնածության։ Իսկ հիմա ժամանակն է, որ իսկապես իրական հակաթուրքականություն սաղմնավորվի, բայց ոչ թե էժանագին էթնիկական ատելություն եւ ստորաքարշ հպարտություն գեներացնելու, այլ Ադրբեջան պետության հետ արժանապատիվ գոյակցություն եւ մրցակցություն ապահովելու համար։
Ես այլ տարբերակ չեմ տեսնում։ Միայն այս ճանապարհով Հայաստանը կարող է վերստին գործոն դառնալ միջազգային հարաբերություններում՝ իր վրա սեւեռելով մեծ տերությունների ուշադրությունը։ Ընդամենը անհրաժեշտ է գաղափարական դաշտում հրաժարվել երկու քայքայիչ ստատուս քվոներից՝ «հակաթուրքական սեպի» եւ «հավերժ կապիտուլացվածի» կարգավիճակներից։
Հաղթահարել կենդանական վախերն ու անցյալի պատրանքները եւ ճեղքել քարացած իրականությունը։
Լրագրող, հրապարակախոս։ Գրում է քաղաքականության մասին, հետաքրքրությունների շրջանակում են՝ բարոյագիտությունը, կրոններն ու քաղաքական փիլիսոփայությունը։