Ալմա Աթայում Ղազախստանի նախագահությամբ այսօր՝ հունիսի 6-ին տեղի է ունեցել ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստը։ Այս մասին հայտնում է Կազմակերպության մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպման ընթացքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը զեկուցել է ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակի եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների անվտանգության մարտահրավերների եւ սպառնալիքների չեզոքացմանն ուղղված միջոցառումների մասին։
Առանց մանրամասնությունների նշվում է, որ մասնակիցները հանգամանալից քննարկել են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը եւ կազմակերպության ձեւաչափի շրջանակներում ՀԱՊԿ-ի անդամ երկրների մարտահրավերներին ու սպառնալիքներին դիմակայելու գործունեությունը:
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Տաջիկստան-Աֆղանստան սահմանի ամրապնդման ծրագրի նախագծին։ Փաստաթղթի նախագիծը հավանության է արժանացել ՀԱՊԿ անդամների կողմից։
Հիշեցնենք, որ 2021 եւ 2022 թվականներին Հայաստանի տարածք ադրբեջանական բանակի ներխուժումից հետո ՀԱՊԿ արձագանքների բացակայության պատճառով Երեւանը հայտարարել է Կառույցին մասնակցությունը «սառեցնելու» մասին։