Ուկրաինայի իշխանությունները դժգոհ են F-16 կործանիչների համար օդաչուների պատրաստման եղանակից, որոնք Կիեւը ակնկալում է մոտ ապագայում ստանալ արեւմտյան դաշնակիցներից, գրում է Politico-ն։
Ըստ պարբերականի աղբյուրների զրուցակիցների, որոնց անունները չի նշվում, ուկրաինական կողմը բազմիցս է նախագահ Ջո Բայդենի վարչակազմին տեղեկացրել, որ պատրաստ է անհապաղ 30 օդաչուի ուղարկել ԱՄՆ՝ F-16-ի կիրառմանը վարժվելու համար։ Սակայն Politico-ի զրուցակիցները պնդում են, որ ԱՄՆ-ն պատրաստ է Արիզոնայի իր բազայում մինչեւ սեպտեմբերի վերջ պատրաստել միայն 12 ուկրաինացի օդաչուի։ Ռումինիայի եւ Դանիայի ուսումնական կենտրոնները նույնպես չեն կարող ընդունել այնքան ուկրաինացի օդաչուների, որքան կցանկանար Կիեւը։
Ուկրաինացի օդաչուների վերապատրաստումը արագացնելու մասին խնդրել են նաեւ ԱՄՆ Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովի ներկայացուցիչները։ Սակայն ԱՄՆ իշխանությունները վկայակոչում են այլ երկրների հետ F-16 օդաչուների պատրաստման վերաբերյալ նախկինում կնքված պայմանագրերը, որոնք պետք է պահպանվեն, գրում է Politico-ն։
Հրատարակությունը հիշեցնում է, որ Ուկրաինան վաղուց էր խնդրել իր արեւմտյան դաշնակիցներին F-16-եր տրամադրելու համար, սակայն սկզբում երկարաձգվեց կործանիչների տրամադրման հետ կապված որոշումը, հետո լոգիստիկ դժվարությունների պատճառով դրանց ուղարկումը հետաձգվեց, իսկ այժմ դժվարություններ են առաջացել օդաչուների պատրաստման հարցում։
Բելգիան, Դանիան, Նիդեռլանդները եւ Նորվեգիան ծրագրում են մինչեւ 2024 թվականի ամառվա վերջ Ուկրաինային մատակարարել ամերիկյան արտադրության ավելի քան 60 F-16 կործանիչներ։ Կիեւը նշում է, որ F-16-ը կօգնի Ուկրաինայի զինված ուժերին ավելի արդյունավետ դիմակայել ռուսական ներխուժմանը։ Սակայն, ինչպես նշում է Politico-ն, արեւմտյան դաշնակիցները չեն հավատում, որ Ուկրաինային տրամադրված F-16-ները կկարողանան արմատապես փոխել ռազմաճակատում տիրող իրավիճակը։