Լիբանանի սահմանին «Հեզբոլլահ» շարժման հետ լարվածության պատճառով Իսրայելի կառավարությունը պահեստազորայինների քանակը կհասցնի 300-350 հազարի։ Այս մասին հայտնում է Իսրայելի բանակի ռադիոն՝ հղում կատարելով ստացած պետական փաստաթղթին։
Հաղորդվում է, որ պահեստազորայինների համալրումը պետք է անցկացվի մինչեւ օգոստոսի 1-ը։
Համեմատության համար նշենք, որ Իսրայելը Գազայում ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմի համար հավաքագրել էր 287 հազար պահեստազորայինի։
Նախօրեին Լիբանանի հետ սահման այցելած Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել էր «հրատապ» եւ «հզոր գործողությունների» դիմելու պատրաստակամության մասին։ Նույն օրը Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Հերզի Հալեւին հայտարարել էր, որ Իսրայելը «մոտ է Գազայի պատերազմի ընթացքում Հեզբոլլահի ամենօրյա հարձակումների հետ կապված» որոշումների կայացմանը:
Նշենք, որ Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլլահ» շիայական շարժումը նախորդ տարվա հոկտեմբերի 7-ին Իսրայելի դեմ ՀԱՄԱՍ-ի հարձակումներից հետո հայտարարել էր վերջինիս գործողություններին աջակցելու մասին, իսկ Գազայում Իսրայելի պաշտպանության բանակի պատասխան գործողությունների մեկնարկից հետո՝ սկսել էր թիրախավորել Լիբանանի հետ սահմանային իսրայելական ռազմաբազաները։ Արդյունքում Իսրայելի հյուսիսային շրջանների որոշ բնակավայրերի բնակիչներ տարհանվել էին։
Արդեն այս շաբաթ Իսրայելի հյուսիսային շրջանների վրա «Հեզբոլլահի» հրթիռային հարձակումների պատճառով մեծ հրդեհներ էին բռնկվել, ինչի արդյունքում էլ Նեթանյահուի կառավարության ներկայացուցիչները սկսել էին կրկին հայտարարել Լիբանան ներխուժելու պատրաստակամության ու անհրաժեշտության մասին։