ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ամերիկյան ABC News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ Միացյալ Նահանգները Ուկրաինային թույլ չի տա ամերիկյան զենքը օգտագործել Մոսկվայի եւ Կրեմլի վրա հարձակումների համար։
«Այն թույլատրվում է օգտագործել սահմանի մոտ, երբ դրանք (ռուսական զինատեսակները) օգտագործվում են սահմանից այն կողմ՝ Ուկրաինայի կոնկրետ թիրախների վրա հարձակվելու համար։ Մենք չենք թույլատրում հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին 200 մղոն խորությամբ, եւ չենք թույլատրում հարվածներ հասցնել Մոսկվային կամ Կրեմլին»,-ասել է ԱՄՆ նախագահը։
ABC-ի թղթակիցը նախագահին հարցրել է, թե արդյո՞ք նա մտահոգված է, որ, ինչպես նախօրեին ասել էր Պուտինը, ճշգրիտ զենքի մատակարարումը ռուսական տարածքում թիրախների վրա հարձակվելու համար կնշանակի ուղղակի մասնակցություն է պատերազմին:
«Ես նրան ճանաչում եմ ավելի քան 40 տարի: Նա ինձ անհանգստացնում է արդեն 40 տարի։ Նա ոչ դուրեկան մարդ է»,-պատասխանել է Բայդենը։
ԱՄՆ նախագահը Պուտինին կրկին բռնապետ անվանելով նշել է, որ նա փորձում է «ամեն գնով իր ձեռքում պահել» Ռուսաստանը եւ շարունակել Ուկրաինայի դեմ հարձակումը։
«Մենք չենք խոսում այն մասին, որ նրանց զենք տրամադրենք Մոսկվայի կամ Կրեմլի վրա հարձակվելու համար․․․ Խոսքը միայն սահմանի մյուս կողմի մասին է, որտեղ նրանք ծանր կրակի տակ են գտնվում սովորական զենքերից, որոնք ռուսներն օգտագործում են Ուկրաինա ներխուժելու եւ ուկրաինացիներին սպանելու համար»,-շարունակելով միտքը կրկնել է Բայդենը։