Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիր կնքելը անհնար, քանի դեռ Հայաստանի գործող սահմանադրությունը մնում է անփոփոխ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Թյուրքալեզու երկրների խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։
Շնորհակալություն հայտենլով Ղազախստանին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցային հարթակ տրամադրելու համար Ալիեւը նշել է, որ գործընթացում կա որոշակի առաջընթաց, սակայն միեւնույն ժամանակ հիշեցրել, որ կարճ ժամանակամիջոցում դեռ չի հաջողվել պայմանավորվածություն ձեռք բերել բոլոր հարցերի շուրջ։
«Քանի որ 28 տարի ԵԱՀԿ Մինսկի խումբը ոչ մի սանտիմետր չի շարժվել, 28 տարի ոչ մի հարց չի համաձայնեցվել։ Ուստի հիմա մեկուկես տարի հետո սպասել, որ բոլոր հարցերը կհամաձայնեցվեն, իհարկե, ինչ-որ միամտություն կլիներ։ Բայց կարեւոր է, որ կա գործընթաց, եւ կա դինամիկա, եւ շատ հարցեր համաձայնեցված են»,-ասել է Ադրբեջանի նախագահը։
Ըստ Ալիեւի Ադրբեջանը երբեք տարածքային որեւէ հավակնություն չի ունեցել հարեւան երկրների, այդ թվում Հայաստանի նկատմամբ։ Նրա խոսքերով այդ Հայաստանն է, որ մշտապես տարածքային հավակնություններ է հայնտել։
«Հենց նրանց անկախության հռչակագրում, որը հետագայում դարձավ նրանց սահմանադրության մաս, տարածքային պահանջներ կան Ադրբեջանի դեմ։ Հենց նրանց գաղափարախոսության, քաղաքականության եւ հասարակական դիսկուրսի մեջ է, որ անընդհատ հնչում են տարածքային պահանջներ Թուրքիայի դեմ։ [․․․] Նրանք պետք է զբաղվեն այդ հարցերով։ Եվ, իհարկե, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիր կնքելը ուղղակի անհնար է, քանի դեռ Հայաստանի գործող սահմանադրությունը մնում է անփոփոխ։ Երբ մենք բարձրացնում ենք այս հարցը, ես դա ասել եմ եւ ուզում եմ նորից ասել, ոչ թե այն պատճառով է, որ մենք միջամտում ենք նրանց ներքին գործերին, բացարձակապես ոչ, այլ այն պատճառով է, որ դա մեզ է վերաբերում։ Մենք չենք կարող Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել այն ժամանակ, երբ նրանք տարածքային պահանջներ ունեն մեր նկատմամբ»,-ասել է Ադրբեջանի նախագահը։